Մարդկանց փողի խաթր տեղահան են անում. Ռուսլան Բաղդասարյանը՝ գույքահարկի բարձրացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

1

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձել է գույքահարկի բարձրացման թեմայի շրջանակում ծավալված ֆլեշմոբին:

«Երեկ սկսված բնիկ երևանցիների ֆլեշմոբը ցույց է տալիս գույքահարկի դեմ թանկացման դեմ մեր քաղաքացիների դժգոհությունը:

Մի քանի անգամ հարցազրույցներումս մանրամասն անդրադարձել եմ այդ հարցին, դրա թե՛ կիրառման ժամանակի, թե՛ ձևի աբսուրդայնությանը:

Բազմաթիվ համաքաղաքացիներիս համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի գույքահարկի թանկացումը բնիկ երևանցի լինելու հետ: Կարծում եմ` բոլորին արդեն պարզ է, որ ամենաշատը թանկանալու են Երևանի կենտրոնի բնակարանները: Իսկ քանի որ իշխանությունները մի թեզ էին շրջանառում` թե ով է ասել, որ կենտրոնում ապրողը, եթե չի կարողանում վճարել իր թանկ գույքի հարկը, պիտի ապրի կենտրոնում, և առաջարկում էին այդ գույքը վաճառել ու գնալ ծայրամասերում ավելի մատչելի բնակարան ձեռք բերել:

Բայց այդ թեզը շրջանառողները դեռ չեն ասել, իսկ, եթե ծայրամասում էլ է թանկացած գույքահարկը մեծ բեռ լինելու քաղաքացու համար, այդժամ ու՞ր գնան, երկրից գնա՞ն, թե՞ վարձով ապրեն: Այսինքն` մարդկանց փողի խաթր տեղահան են անում:

Ու այս խնդիրը վերաբերում է բոլոր բնակավայրերին: Այս դժգոհությունը կա նաև բնիկ վանաձորցիների, գյումրեցիների, ջերմուկցիների ու ընդհանրապես մեր պետության բոլոր քաղաքացիների մոտ: Ուղղակի ամենածանր հարվածը ստանալու են Երևանի կենտրոնում բնակվող մեր հայրենակիցները:

Հ.Գ. Հա՛, մեկ էլ խոսքս այս իշխանությանը` կարող է՞ շնորհակալություն եք ակնկալում, որ անցյալ տարի կադաստրային արժեքի գնահատման օրենքով թանկացրիք մի 25-30 անգամ, իսկ հիմա այս օրենքով թանկացումը դառնում է 8-15 անգամ»,-գրել է Ռուսլան Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՝ կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

--00—ԼՄ