Ի՞նչ բարդություններ են ծագում մոր և մանկան մոտ, եթե COVID-19-ը վարակակիր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

կորոնավիրուս
24News-ի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի (այժմ՝ ինֆեկցիոն 8) վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անուշ Հակոբյանը։

-Տիկի՛ն Հակոբյան կորոնավիրուսով հիվանդացության ո՞ր փուլում ենք գտնվում։ Վերջին օրերին, կարծես, կայունացման միտում կա։

Այո, կարծում եմ կայունացման միտում կա։ Ամեն դեպքում ընդունելության թվերն ավելի բարձր չեն, ինչպես հունիսի սկզբում էր։ Իհարկե, առաջին երկու ամիսներին դեպքերի ավելացման հստակ տենդենց կար։ Առհասարակ կորոնավիրուսով վարակման դեպքերը, չեմ կարող շատ ստույգ պատասխանել, բայց ընդունելության առումով ընդունում ենք երեխաներին և հղիներին, այդ իմաստով վերջին մեկ ամսում թիվը կայուն է։

-Ձեր բուժհիմնարկում ի՞նչ վիճակ է հագեցվածության առումով։

Արտահագուստների խնդիր ընդանրապես չունենք, բժիշկների՝ առավել ևս, ոչ էլ դեղորայքի։ Ամեն ինչ կա, և ժամանակին հարթվում են բոլոր խնդիրները։

-Ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը վերջին շրջանում աճե՞լ է, և ինչո՞վ է դա բացատրվում։

Մեր բաժանմունք ընդունվում են թեթև և միջին ծանրության, համենայնդեպս ոչ ծանր վիճակով երեխաները։ Նրանց թիվը մեծ չէ, բոլոր տարիքային խմբերի երեխաներ էլ եղել են և կան։

-Ըստ ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման ռիսկային խմբում են 70 և բարձր տարիքային խմբի անձինք (անկախ առողջական վիճակից)։ Բայց մի խումբ միջազգային հետազոտողներ եկել են այն համոզման, որ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը երեխաների մոտ նույնքան մեծ Է, որքան որ մեծահասակների մոտ: Ձեր կարծիքով՝ երեխաների և մնացած բնակչության շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշների միջև Էական տարբերություն կա՞:

Ընդունելությունը համեմատելի չէ, երեխաների շրջանում անհամեմատ ավելի պակաս է, քան մեծահասակների շրջանում։

-Երեխաների մոտ առավել քիչ են պատահում քրոնիկ սիրտանոթային և շնչառական խնդիրները։ Նրանք COVID-19 հիվանդությունն ավելի թեթև են տանում, քան մեծահասակնե՞րը։

Երեխաները բավական թեթև են տանում հիվանդությունը, միջին ծանրության կամ թեթև վիճակում են լինում։ Հիմնականում թեթև, եթե նույնիսկ միջին ծանրության է լինում, ապա այդ շրջանը կարճ է տևում, արագ հաղթահարում են։

-COVID-19-ն ա՞յլ կերպ է ազդում երեխաների վրա։

Առանձնահատկություն կա, իհարկե, շնչառության խանգարումների սիմպտոմատիկան ավելի թեթև է և պակաս։ Գերակշռում են ստամոքս-աղիքային, փորլուծություն, սրտխառնոց, ցանավորման երևույթները։

-Կորոնավիրուսով վարակված երեխաների բուժումը նու՞յն է, ինչ մեծահասակներինը։

Ոչ, իհարկե։ Երեխաների դեպքում հիմնականում օժանդակ սիմպտոմատիկ բուժում է կատարվում, այսինքն, ըստ անհրաժեշտության, կիրառվում է այս կամ այն միջոցը՝ անհամեմատ ավելի թեթև ձևերով, որովհետև դա բավական է լինում, որպեսզի երեխան հաղթահարի հիվանդությունը։

-Երեխաները մնում են հիվանդանոցո՞ւմ մինչև բուժման ավարտը։

Մինչև վիճակը կայունացումը՝ այո։

-Կորոնավիրուսով վարակված երեխաների մահվան դեպքեր գրանցվե՞լ են։

Ես չեմ տիրապետում, որքան տեղյակ եմ, ոչ։

-Նորածին կամ մանկահասակ երեխաներ եղել են, ովքե՞ր վարակված են եղել Covid19-ով։

Այո, բայց շատ չեն եղել նման դեպքերը։

-Քանի՞ հղի կա բժշկական կենտրոնում, որն այս պահին բուժում է ստանում։

Կդժվարանամ թիվ ասել։ Մեզ մոտ ակտիվ ընդունելություն և դուրսգրում է։ Չէի ասի՝ հղիների վիճակն ավելի ծանր է լինում, մոտավորապես այնպես է լինում, ինչպես իրենց հասակակիցների մոտ, բայց կան նաև թոքաբորբով հիվանդներ, ընդհանուր առմամբ ընդունում ենք, կատարում ենք ախտորոշիչ ստուգումներ, եթե գանգատները չեն ավելանում, իրենց տուն ենք ուղարկում։

-Այսինքն՝ հիմնական բարդությունը հղիների մոտ թոքաբորբով պայմանավորվա՞ծ է լինում։

Այո։

-Հղի կնոջից վարակը կարո՞ղ է չծնված երեխային փոխանցվել։ Պատահե՞լ են դեպքեր, երբ երեխան ծնվել է արդեն՝ որպես վարակակիր։

Որքան տիրապետում եմ ինֆորմացիային, ծնվելու պահին չեն կատարվում թեստավորումներ, 1-2 օր ուշ է արվում նմուշառումը, բայց ասել, որ երեխան ծնվել է կորոնավիրուսով վարակված, դժվար է։

-Արդյո՞ք մարդիկ կարող են COVID-19-ի հանդեպ իմունիտետ ձեռք բերել։

Այդպիսի փորձ դեռևս չկա՝ հենվելով մեր կոլեգաների աշխատանքների վրա։ Զուգահեռներ են անցկացվում, ըստ այդմ ենթադրվում է, որ պետք է մի քանի ամիս իմունիտետը պահպանվի, բայց թույլ տվեք շատ հստակ չպատասխանեմ, որովհետև դրա համար շատ հետազոտություններ են անհրաժեշտ։

-Երկարաժամկետ հետևանք թողնո՞ւմ է կորոնավիրուսը վարակված մարդու մոտ։

Օրինակ, ծանր թոքաբորբը հազիվ էլ մեկ ամսում լավանա, ինչ վերաբերում է մեկ տարի հետո հետևանքների առաջացմանը, դեռ կտեսնենք, չեմ կարող ասել։

-Վարակվածության կրկնակի դեպքեր եղե՞լ են երեխաների մոտ։

Ոչ, չի եղել մեզ մոտ։

 

Զրուցեց՝ Աննա Դանիելյանը

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս