Արամ Վարդանյանի մեղադրանքները ծայրից ծայր անհիմն են և շինծու. պաշտպանների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

արամ

Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել իրենց պաշտպանյալին բերման ենթարկելու մասին:

«Այսօր ոստիկանության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, թե իբր Երևան քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը։

Արամ Վարդանյանն այսօր իրոք կալանավորվել է, սակայն ինչպես նախկինում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, իսկ գտնվել է նա ոչ թե Արցախի փողոցի «տներից մեկում», այլ իր իսկ բնակության վայրում, որտեղ նաև հաշվառված է։

Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի առաջադրված մեղադրանքներին, ապա դրանք ծայրից ծայր անհիմն են ու շինծու։ Հիշեցնենք, որ մեղադրանքների գերակշիռ մասը անհիմն են համարել նաև դատարանները` հաստատելով դրանց հետ Արամ Վարդանյանի առնչության հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մեղադրանքներին առավել հանգամանալի կանդրադառնանք առաջիկայում, իսկ դրանց հերքումն ընդամենը ժամանակի հարց է։

Հ.Գ. Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր։

Կոչ ենք անում ոստիկանությանը հիշել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, և ի թիվս այլնի չխախտել մարդու իրավունքները նաև նման մակարդակի հաղորդագրություններ տարածելով։

Լավ կլիներ, որ ոստիկանությունը, հասարակության համար արդեն անհետաքրքիր ու ծիծաղելի շոուների կազմակերպչի և մասնակցի իրենց դերակատարման փոխարեն գոնե մեկ-մեկ հիշեր վաղուց արդեն մոռացված իր իրական պարտականությունների մասին»,-նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ