Հետաքրքրված ենք տրանսպորտի և աղբահանության՝ Ճապոնիայի փորձով․ Մարությանը՝ Յամադային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում։ Մարությանը նշել է, որ թեեւ Երեւանը դեռ չունի գործընկերային ուղղակի կապեր Տոկիոյի կամ Ճապոնիայի այլ խոշոր քաղաքների հետ, սակայն գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող կոնկրետ ծրագրերի շրջանակում:

Thumbnail

«Տեղյակ եմ, որ  նախկինում տեխնիկական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, որի համար, օգտվելով առիթից, հայտնում եմ իմ երախտագիտությունը:  Միաժամանակ, Ձեր աջակցությունն եմ հայցում նաեւ Ճապոնիայի կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի եւ այլ ձեւաչափերով ծրագրերում տեխնիկական աջակցության եւ ներդրումների ներգրավման նպատակով Երեւան քաղաքն ընդգրկելու հարցում», - նշել է քաղաքապետը:

Նա մասնավորապես առանձնացրել է տրանսպորտի եւ աղբահանության բնագավառում հաջողված փորձ ունեցող ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարեւորությունը:

Դեսպան Ջուն Յամադան շնորհավորել է Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և իր հերթին հույս հայտնել, որ երկու երկրների խոշոր քաղաքները կխորացնեն համագործակցությունը: Նշելով, որ վերջին շրջանում աշխուժացել է ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ դեսպանը հույս է հայտնել, որ հայաստանցիները եւս կսկսեն ավելի հաճախ գործարար եւ զբոսաշրջային այցեր կատարել Ճապոնիա, հատկապես, որ վերջերս երկու երկրների միջեւ մուտքի արտոնագիր ստանալու գործընթացն ազատականացվել է: