ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի մեր երկիրը. արտգործնախարարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 16, 24News

Thumbnail

Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է շարունակի զբաղեցնել Հայաստանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանն այս ամբողջ ընթացքում հանդես է եկել պահանջով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է շարունակի զբաղեցնել Հայաստանը։ Մենք շատ լավ կադրային ներուժ ունենք։ Օրենքը չի նախատեսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների իրականացման անհնարինություն դրա համար։ Բացի այդ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությունը մեզ համար չափազանց կարևոր է: Որպես ՀԱՊԿ անդամ, մենք հետաքրքրված ենք կազմակերպությանը նպաստավոր լինելու հարցում»,- ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Մնացականյանը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը վեց գործընկեր պետությունների ռազմաքաղաքական գործակցության հարթակ է, ուր մեր երկիրը նպատակ ունի ամրապնդել դիրքերը, բարձրացնել գործունեության արդյունավետությունը:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե՝ ՀԱՊԿ հաջորդը գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը։

«Ղազախստանի նախագահն արտահայտել է միայն այդ երկրի դիրքորոշումը»,- ասել է նա։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում, երբ վերջնական որոշում կկայացվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին, Հայաստանը հանդես կգա համարժեք փաստարկներով։

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը։ Խնդիրը կլուծվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Մինչև այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: