Եզդի կամավորներն առաջնագիծ մեկնելու համար հավաքագրում են երրորդ ջոկատը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News  

եզդի կամավորներ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում, որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար, Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներն արդեն երրորդ ջոկատն են հավաքագրում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Պատերազմի մեկնարկից եզդիական համայնքը պատրաստ էր իր մասնակցությունն ունենալ մարտերին, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անկախ ազգությունից, պետք է պաշտպանեն իրենց հայրենիքի սահմանները: Սեպտեմբերի 27-ի երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում ձևավորվեց առաջին ջոկատը։ Ջոկատին միանալ ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ ձևավորվեց նաև երկրորդը, որն այս պահին զինվորական պատրաստություն է անցնում։ Այս պահին հավաքագրվում է արդեն երրորդ ջոկատը»,- նշեց Բաքոյանը։

Ռուստամ Բաքոյանն ընդգծեց, որ, պատմությանը հետադարձ հայացք գցելու դեպքում կտեսնենք, որ թե՛ Սադարապատի, թե՛ 90-ականների Արցախյան պատերազմի, թե՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ և, թե՛ հիմա եզդիները հայերի հետ ներդաշնակ են և մեկ մարդու պես պատրաստ են կանգնել սահմանին։

Արցախ կատարած այցի ընթացքում պատգամավորը նաև հանդիպում է ունեցել առաջնագիծ մեկնած եզդի կամավորների հետ:

«Կռվողների տրամադրվածությունը մարտական է: Եզդիական ջոկատը շատ գրագետ է գործում՝ չլքելով իրեն վստահված դիրքերը։ Եզդի կռվողների մարտական ոգին բարձր է․տղերքը կանգնած են, նրանք կանգնելու են և հիմա էլ բավականին արդյունավետ կռվում են»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ