Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ ու ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

վանեցյան հայրենիք

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը  հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ ու ձերբակալվել: Այդ մասին հայտնում են Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:

«Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։ Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով, ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն»,- ասվում է Արթուր Վանեցյանի պաշտպանների Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի համատեղ հայտարարության մեջ։

«Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։

Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։

Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։

Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խուզարկվել են Արթուր Վանեցյանի և նրա հոր տները, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության գրասենյակը:

--00—ԼՄ