Սոթքի հանքավայրի տարածքների պատկանելիության խնդիրը մնում է բաց. ՏԿԵ փոխնախարար

Լիլիա Շուշանյան

Հարցազրույց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի հետ, որն ի պաշտոնե համակարգում է հանքարդյունաբերության ոլորտը։ 

Տիկին Շուշանյա՛ն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Քարվաճառն անցնում է Ադրբեջանին, դուք գիտեիք, որ Սոթքի մի մասն անցնում է Ադրբեջանին, թե դրա մասին տեղեկացաք ադրբեջանցի զինվորների «այցից» հետո։ 

 Հենց առաջին օրը, երբ հայտնի դարձավ ձեր նշած փաստը, ես անմիջապես կապ եմ հաստատել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության տնօրենի հետ, ինչպես նաև խնդրի մասին քննարկումներ ծավալել կառավարության բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների հետ։ Այսինքն, այո՜, մենք տեղյակ էինք, որ կա նման խնդիր։ Անմիջապես աշխատանք է սկսվել ուժայինների, դիվանագիտական բլոկի, կառավարության հետ, ուսումնասիրվել են արխիվային փաստաթղթեր։  Մի բան կարող եմ ասել, որ ՀՀ և Ադրբեջանի  սահմանները երբեք դեմարկացիայի չեն ենթարկվել, այսինքն մինչև այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե Սոթքի հանքային դաշտի որ հատվածն ում է պատկանում։ Հանքավայրի պաշարները խորհրդային տարիներին ուսումնասիրվել, հայտնաբերվել և գնահատվել են բացառապես Խորհրդային Հայաստանի կողմից և հաստատվել ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1960, 1965 և 1980 թթ-ին։ Ավելին, այս հանքավայրի արտոնագիրը տրվել է հայկական պետական “Армзолото” ընկերությանը։ 

Այդ պարագայում որքանո՞վ է լեգիտիմ Ադրբեջանի պահանջները, որովհետև հիմա Սոթքում կան ադրբեջանական զինվորներ, և, վերջապես, ինչպիսի՞ն է շահագործող ընկերության դիրքորոշումը։ 

Նախ նշեմ, որ  «Գեոպրոմայնինգը» Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս համարվում է բավական խոշոր և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող ընկերություն։ Ինչու եմ այս ամենն ասում, որովհետև ակնհայտ է, որ նմանատիպ ընկերությունը միլիոնավոր դոլարներ ներդնելուց առաջ գնահատել է հնարավոր ռիսկերը։ Ավելին, ընկերության դիրքորոշումը միանշանակ համընկնում է մեր այն տեսակետի հետ, որ հանքավայրի պաշարները խորհրդային տարիներից տրամադրվել են Հայաստանին, և, քանի դեռ պաշտոնական դեմարկացիա չկա, հարցը մնում է բաց։ 

Ասում են, որ դուք ուղղակի կապ ունեք այնտեղ ընթացող սահմանագծի որոշման հետ։ 

Ի պաշտոնե ես նման իրավասություն չունեմ, այսինքն, ոչ մի կապ չունեմ և չեմ էլ կարող ունենալ նման խնդրի հետ։ Լավագույն դեպքում ոլորտային խնդրի հետ կապված ես կարող եմ արտահայտել իմ տեսակետը, ինչն էլ արել եմ։ Մասնավորապես, դեմարկացիայի բացակայության, պաշարների պատկանելիության և, հատկապես իրավական տեսանկյունից, Google-ով գծվող սահմանի իրավաչափության հետ։ 

Կարո՞ղ եք բացատրել, թե «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն ինչ անցակետ կամ շինություն է տեղադրել Սոթքի հանքավայրի մոտ, որը երեկ ադրբեջանցիները բացել ու մտել էին ներս։ Այս մասին երեկ խոսեց ԳՇ պետի տեղակալը։ 

Իրականում, դա եղել է հենց ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով, որի մասին տեղեկացրել են նաև մեզ։Դա արվել է հանքավայրի անվտանգությունն ապահովելու համար այն ժամանակ, երբ դեռ Սոթքի հանքավայրի մի հատվածի նկատմամբ ադրբեջանական զինվորականների կողմից հավակնություններ չկային։ 

Այս պահին Սոթքը աշխատում է, թե ոչ։ 

Այս պահին, քանի խնդիրը վերջնականապես լուծված չէ, ընկերության ղեկավարության հետ քննարկել ենք իրավիճակը, և, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, հանքավայրն աշխատում է մասամբ։

 

        

 

Տեսանյութեր

Live

Լրահոս