Դուք երկրում իշխանություն չունեք. Մարուքյանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ թվարկելով այն մարդկանց և ուժերին, որոնք պահանջում են դա, և այդ ենթատեքստում հարցադրում է արել՝ մի՞թե պահանջողները ժողովուրդ չեն:

Հարցին Նիկոլ Փաշինյանը հարցով է պատասխանել՝ նախ հակադարձելով. «Ինչո՞ւ դուք, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, այդ թվում՝ անվերադարձ: Տեսե՛ք հիմա, Ձեր նշած քաղաքական ուժերը ի՞նչ են առաջարկում. առաջարկում են ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն»,-ասել է Փաշինյանը՝ միաժամանակ ներողություն խնդրելով բնորոշման համար, քանի որ այլ բառ չի գտնում:

«Առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, և որը չունի նույնիսկ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես: Հետևաբար այս պայմաններում, եթե տեղի ունենա փոփոխություն և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իրավիճակում իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել, այդ կարգավիճակին են հասցրել: Եվ այդ 1 տարվա ընթացքում ի՞նչ է տեղի ունենալու, վերականգնվելու են ընտրակեղծարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի ընտրակեղծարարության փուլ»,-ասել է Փաշինյանը:

--0--ԿԿ