Հայաստանը՝ հրդեհի սահմանագծին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

նիկոլ

«Ոստիկանության արվեստը ոչ թե հաճախ պատժելն է, այլ՝ սաստիկ պատժելը»: 

Նապոլեոն Բոնապարտ

 

Պետությունը բնակավայրից տարբերվում է նրանով, որ հստակ սահմաններ ունեցող կենսատարածքը կառավարվում է առաջնորդության վստահություն վայելող մի խումբ անհատների, մարդկանց կողմից, որը և կոչվում է իշխանություն: Իշխանությունն իրականացնում է պետության՝ սահմաններից ներս գտնվող մարդկանց, համակարգերի կառավարումը և ապահովում է անվտանգ ու զարգացող առաջընթացը: 

Հայաստանի կառավարչակազմը խորը մոլորության մեջ է: Իրենց՝ դեպի կործանումը տանող վարքականոնի հիմքում ընկած է այն թեզը, թե ժողովուրդը պետք է լինի կառավարության դաշնակիցը: Ոչ՛, քաղաքացին իշխանության հպատակն է, ժողովուրդը՝ պետության ենթական: Եվ այն հակաքաղաքագիտական վարկածը, թե բնակիչները ընտրության միջոցով ձեռք են բերում վարչարարների, որոնք հարկատուների կողմից վարձված են ժողովրդին ծառայելու, երբևիցե պատմության մեջ քննություն չի բռնել: Չի կարող տեսակով լիդեր անհատը, իշխանությամբ օժտված վերնախավը լինել ստորադասվածի կարգավիճակում: Անշեղ գործընթացն այն է, որ քաղաքական ու պետական առաջնորդները ծառայում են հայրենիքին՝ հավատալով տարբեր գաղափարների և իրենց հետևից տանում են զանգվածների: 

Հովվապետը հոտի տերն է, ոչ թե հոտից մեկը: 

Տիրոջ զգացողության բացակայությունը ղեկավարին դնում է սկզբից անբնական, իսկ ավելի հետո՝ ծիծաղելի վիճակում: Որովհետև մերկ թագավորի տկլորությունը արագ նկատելի կդառնա և արհամարհանքի կարժանանա: Մինչդեռ պատշաճ հագնված և առավել ևս զրահակիր թագավորը հարգանք ու ակնածանք կվայելի: 

Իր կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանը համապատասխան մարտավարության օգտագործումը օգնեց Նիկոլ Փաշինյանին թավշյա արահետով անցնցում հասնելու իշխանության: Սակայն, գալով պետության գագաթին, Նիկոլը մնաց նույն տրամաբանության մեջ, ընդդեմից չդարձավ հանուն և չվերածվեց իշխանավորի, առավել ևս՝ պետական գործչի: Ընտրվել պետության պրեզիդենտ կամ վարչապետ և իրականում դառնալ, համապատասխանել այդ առաջնորդող կարգավիճակներին էականորեն տարբեր բաններ են: Ձևը պիտի ներդաշնակ լինի էության հետ: Իրեն ուղղված այս և նման մեղադրանքներին Փաշինյանը հակադարձում է՝ մեջ բերելով իր՝ չթալանող, ստերիլ կերպարը, որը հարցի բուն էության հետ կապ չունի: Եթե դու հետևում ես Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյում» գրված այն տողերին, որտեղ ասվում է «չուտել մարդու միս, խմել այծի կաթ» և նման բաներ, դա իհարկե գովելի է, բայց միայն այս մաքուր մոտեցումը չի ապահովում քո՝ պետական այր լինելը: Հակառակը քո նկատմամբ բերում է անվճռական կերպարի ընկալում, դրանից հետո՝ պարտություն ու գործունեության անփառունակ ավարտ: 

Իշխանափոխական վարչակազմը կորցրել է վերահսկողությունը պետության պրոցեսների նկատմամբ, և դրա հետևանքով երկիրը վարակաբուն աղբամանի է վերածվում: Հայաստանը օր օրի գրանցում է անկման փուլեր՝ ընկելով համաշխարհային չափանիշներով սահմանված վատթարագույն սահմանումների արանքը: Միջազգային սև ցուցակ նետվեց ավիա ոլորտը, իսկ համաճարակը ուղղակի ասպատակում է երկիրը, և սրա կողքին իր ողորմելի գոյությունն է քարշ տալիս իմպոտենտ դատաիրավական սեկտորը: Սրան գումարած` տնտեսությունը սկսել է կարերից քանդվել, և ֆինանսական ճգնաժամը վազքով մոտենում է՝ վիրուսից հետո երկրորդ զարկ տալու համար: Իհարկե, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում պանիկայի էսկալացիայի մեջ արհեստական բաղադրիչներ կան, և վատ է, բայց բնական, որ որոշները ուզում են ձեռքեր տաքացնել, հետո՝ ոտքերով վրայով անցնելու համար: 

Ի՞նչ է անում կառավարիչների սեկտան, որն այս ողջ ընթացքում իրենից հեռու վանեց մտավորականության՝ իրապես միտք արտադրող ներուժը, չգնաց բուրժուազիայի վերաձևավորմանը, խորքերում չամրապնդեց հիմքերը, չհաստատեց խաղի շիտակ կանոններ. պատասխանը՝ ոչինչ: Չկարողանալով քաշել իրավիճակի ծանրությունը՝ հիմա պատճառի բարդությունը բարդվում է ժողովրդի, մարդու վրա: Իհարկե, ազգաբնակչության՝ փնթի նախիր հիշեցնող ուղեղազուրկ վարքագիծը հայկական աղետի տարածականության մարմնավորումն է: Սա ո՛չ 1988 թվականի բարձր միտք, կրթվածություն, ոգի ունեցող ժողովուրդն է, ո՛չ մեր մեծերի, ծնողների, ավագների կուլտուրական և գիտակից հասարակությունը, սա գեշ դրսևորումների մեծամասնություն է: Բայց դրա մեղավորն էլ եք դուք՝ «փրկիչներս», որովհետև հենվեցիք պլեբսի վրա ու սնեցիք ամբոխի անհագուրդ կրքերը, կերակրեցիք ժողովրդին «երեք միլիոն վարչապետերի» պոպուլիստական բոշայությամբ: Փոխանակ ձեր ձեռքը վերցնեիք իրական առաջնորդությունը և բնակչից քաղաքացի սարքեիք: Հաշվի առնելով այսօրվա կառավարողների ինտելեկտուալ ու կամային սնանկությունը՝ միգուցե պատճառը վախն է, որ երբ քաղաքացու ինքնագիտակցականը բարձրանա դրան հետևի իրենց մերժումը: Եվ հիմա գլուխ գովելու բան չի մնացել, ու հերթը հասել է ճգնաժամային իրավիճակներում կառավարության արտակարգ աշխատանքին, որին թավշյա կազմը ի զորու չէ: 

Այս ամենին զուգահեռ դաշտում է՛լ ավելի գլուխ են բարձրացնում տեսակով մանր ու բովանդակությամբ թունավոր ռեսուրսները, որոնց խնդիրը գործողներին փչացնելն է և ամեն կերպով դրսի խոշորներին բոլոր ձևերով տրվելու պատրաստակամություն ցուցադրելը: 

Հետևելով ընթացքին՝ ճիշտ պահին խաղի մեջ անթաքույց կմտնեն գիշատիչները, որոնց արյան անսխալ հոտառությունը երբեք իրենց չի դավաճանում: Նրանց միջամտությունը կտրուկ շոշափելիության էֆեկտ կունենա: 

Հայաստանի այսօրվա կառավարող թիմը է՛լ ավելի է մեկուսանում, և դրա մեղավորը հենց իրենք են՝ իրենց իսկ մերժողական աղանդաձև կեցվածքով: Նրանց դանդաղամտությունն ու դատարկությունը ռևանշիզմի ուղիղ ճակատներ են բացում և դրսից ներխուժման համար՝ պարարտ հող: 

Հայաստանը կանգնած է այրման եզրին: Անընդունելի է պետությունը նետված պահել կրակի մեջ, որը պերմանենտ փրկության կարիք ունի: Հանրապետության առաջընթացի գրավականներն են անվտանգությունն ու կայունությունը. մենք այդ ընթացքի մեջ չենք: 

Եվ ուրեմն Հայաստանի կառավարչակազմը սրընթացորեն կորցնում է կոնտրոլը վիճակի նկատմամբ: Մինչև համավարակի վրա գալը կար բարակող էյֆորիան ու հարվածներ հասցնելու և բարեփոխումներ իրականացնելու անկարող անգործությունը, հիմա՝ պարտության արձանագրում բոլոր դաշտերում: Վարչախումբը ցույց տվեց իր հերթական թուլությունը, բայց արդեն համազգային մասշտաբով: Իշխանության կոչվածները չկարողացան օգտակար հնազանդության մեջ պահել հպատակաենթակա բնակչությանը: Իրավական պարտադրանքին գերադասեցին թավշյա վարկանիշը: Սա էլ լինելու է նրանց գահավիժման պատճառահետևանքային գործոնը: Մի առիթով Հայաստանի առաջին պրեզիդենտ Տեր-Պետրոսյանը ասել է. «Քաղաքական գործիչը պետք պատրաստ լինի և՛ օրհնանքի, և՛ անեծքի»: Նիկոլը Փաշինյան վերոգրայլի առաջինը սիրով է ընդունում, երկրորդին պատրաստ չէ: 

Հասարակության մեջ լայն թափով տարածվում է, որ Նիկոլն ու նրա թիմն են Հայաստանի զարգացման խոչընդոտը և մոտալուտ աղետի պատճառը: Այստեղ, իհարկե, իրականության հետ մեկտեղ կեղծիք էլ կա, բայց զանգվածային լրատվության դաշտը խաղի իր կանոններն ունի: Ու մեզ մոտ բոլոր իշխանությունները անհաջողություն են գրանցել մեդիա պայքարում, բայց լրագրող վարչապետը գուցե բացառություն լիներ այս հարցում, եթե ամբողջովին իր վրա չվերցներ կառավարման բեռը և ինքն իրեն չթիրախավորեր: Հիմա ճիշտ է հիշել հետևյալը: Վանո Սիրադեղյանի՝ Վազգեն Սարգսյանին 1998 թվականի նոյեմբերին ուղղված մարգարեկան նամակի վերջում այսպիսի տողեր կան. «... քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպառնացող տեռորով»: Ողբերգական անդրադարձով իրականություն դարձած Վանոյի ճշգրիտ խոսքերը չեն կարող վերաբերվել Նիկոլին, քանի որ, որպես քաղաքական գործիչ, Նիկոլը համեմատվելու նույնիսկ եզրեր չունի Սիրադեղյանի ու Վազգենի հետ, բայց կարող են տարածվել այն իրավիճակի վրա, որը եկավ Փաշինյանի շնորհիվ: Այսօրվա կառավարության միակ ու գլխավոր առավելությունը հայաստանածին լինելն է, այսինքն՝ իշխանության գալը եղել է ներքին՝ հայկական, գործընթացների շնորհիվ, բայց չի վերածվել հայաստանակենտրոնության. չի ամրացել, հզորացել, ու հաստատվել և այս ամենակարևորի բացակայությունը կբերի իշխանափոխականների իշխանազրկման: 

Չմոռանանք հարվածային երրորդ ուժի առաջ գալու խիստ անհրաժեշտության մասին, որի կարիք կա՝ հենց 2018 թվականի մայիսի 8-ից սկսած: 

 

P. S. Արագ ու լիարժեք ապաքինում եմ մաղթում Փաշինյանին և իր ընտանիքին, բոլոր հիվանդներին, իսկ առողջներին՝ անվտանգ ու պինդ շարունակություն: 

Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը՝ բոլորիս հետ:

 

Ռուբեն Վարդանյան 

պատմաբան, հրապարակախոս

--0—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս