Հանրությունը պատրաստ չէր պարտության. սա հեղափոխության առաջնորդների անփառունակ վախճանն է

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

պատերազմ

«Թեժ աշունը», որի մասին այդքան երկար խոսում էր հայկական ընդդիմությունը, պետք է սկսվեր հոկտեմբերի 8-ին. հենց այդ օրն էին քաղաքական երեք ուժեր՝ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք», նախատեսում անցկացնել համապետական հանրահավաք: Այս մասին հայտնում է Նեզավիսիմայա գազետան` հիշեցնելով, որ երեք ուժերը պահանջում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դրան հասնելու համար անհրաժեշտ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս կերպ, օրակարգը մեկն էր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ով, ըստ ընդդիմության, բոլոր ոլորտներում աշխատանքը ձախողել է:

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց, հանրահավաքը չկայացավ, իսկ երկրում ներքաղաքական իրավիճակն առավել սրվեց արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի և ՌԴ նախագահների հետ համատեղ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Կողմերը համաձայնեցին դադարեցնել պատերազմը: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ոչ միայն անվտանգության գոտի կոչվող հատվածները, այլև ԼՂ տարածքի մի մասը, այդ թվում` Շուշի քաղաքը: Այս համաձայնագիրը Հայաստանում շատերն ընդունել են իբրև կապիտուլյացիա: 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը պարբերականի հետ զրույցում նշել է` հանրությունը պատրաստ չէր պարտության, հակառակը, նրանք տրամադրված էին հաղթանակած պատերազմի, որը պետք է էլ ավելի ամրացներ մեր մարտական դիրքերը, անգամ ընդլայներ Արցախի անվտանգության գոտին: 

«Բնակչության մի մասը, այդ թվում` պատերազմում հարազատների կորցրած անձինք, շոկի մեջ էին: Մյուսները պարզապես չէին հասկանում, թե ինչ է կատարվել: Կային նաև այնպիսիք, որ սպասում էին նման արդյունք, պատրաստ էին բողոքի ակցիաներ իրականացնել` պահանջելով կառավարության փոփոխություն: Կա նաև հանրության ոչ փոքր հատված, ովքեր շարունակում են հավատալ այս իշխանությանը և համարում, որ նրանց չի կարելի հեռացնել. դա իրենց համար կրկնակի ողբերգություն կլինի»,- նշել է Պողոսյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդները 25 տարի անվերջ բանակցություններ էին վարում այս տարածքների շուրջ. կողմերից որևէ մեկը չէր ցանկանում զիջման գնալ, ինչի հետևանքով իրենց ժողովրդի աչքում դավաճան կդառնային: Պողոսյանը նշել է` ըստ երևույթին, 2018 թ. թավշյա հեղափոխության առաջնորդները համաձայնել են իրենց ուսերին վերցնել այս բեռը:

«Սա հեղափոխության երիտասարդ առաջնորդների անփառունակ վախճանն էր»,- ասել է նա` նշելով, որ երկու երկրների ղեկավարների հիվանդագին ամբիցիաները գերիշխող դարձան, մինչդեռ հնարավոր էր գտնել լուծում, որի շնորհիվ երկու հակամարտող երկրների առաջնորդները կհավակնեին Խաղաղության Նոբելյան մրցանակի:

--00--ԱԹ