Բաքուն՝ Մոսկվայի կամ Անկարայի հովանոցի տակ. Երևանի ծանր ընտրությունը 

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News  

կոլաժ

Չնայած ռազմական գործողություններն Արցախում ավարտվեցին, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբաժանումը դեռ նոր է սկսվում։ Ուղիղ հարյուր տարի անց թուրքական զինվորական ներկայությունն Անդրկովկասում կրկին դառնում է իրականություն, որը, հասկանալի պատճառներով, հղի է Հայաստանի համար մեծագույն ռիսկերով։ Պարզից էլ պարզ է, որ Արցախում մեր պարտությունը միայն նոր «արյուն է տալիս» Անկարայի ախորժակին, որը, քանի դեռ այդ երկրում գործում է Էրդողանի՝ Օսմանյան կայսրությունը վերականգնելու գաղափարախոսությունը, փորձելու է ամեն կերպ զարգացնել հաջողությունն ու ընդլայնել իր ազդեցությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև այն տարածել Ռուսաստանում բնակվող մահմեդական ժողովուրդների վրա՝ հասցնելով այն մինչև Ղրիմ ու Միջին Ասիա։ Որքան էլ որ ցավալի է, սակայն պատերազմում կապիտուլացված, ներքաղաքական ու ներհասարակական լրջագույն պառակտվածություն ունեցող, սպառվող ու սպառված պետական ինստիտուտներով Հայաստանը միայն ու միայն «անուշ պատառ է» Թուրքիայի համար, որն ամեն օր կարող է մեր երկրի դեմ իրագործել այն, ինչ արդեն անում է Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և ինչ պատրաստվում է անել ընդդեմ Հունաստանի ու Կիպրոսի։ Անկարան այսօր ունի ինտերվենցիոն ագրեսիվ ծրագրեր իր բոլոր հարևանների հանդեպ, և Արցախում մեր կրած խայտառակ պարտությունը հենց դրա ապացույցն է։ Ավելին, ակնհայտ է դառնում, որ Արևմուտքը, զբաղված լինելով իր խնդիրներով, ոչ միայն չի պատրաստվում, այլև չի ցանկանում խոչընդոտել թուրքական այս քաղաքականությանը։ Եվ միակ երկիրը, որն արտաքուստ Թուրքիայի հետ չունի լարված հարաբերություններ, սակայն «ներսից եռացող» գործընթացներում հանդիսանում է տարածաշրջանում Անկարայի թիվ մեկ մրցակիցը՝ Ռուսաստանն է։

Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի և ՌԴ-ի մեջ եղած պայքարի մանրադրամ

Հասկանալի է, որ Արցախում ունեցած ռազմական հաջողությունները, ինչպես նաև մեր երկրի խոցելի վիճակն Ալիևին և իր վարչակազմին հնարավորություն են տալիս փորձել զարգացնել հաջողությունը։ Սակայն այլ բան է միջազգայնորեն չճանաչված Արցախում ռազմական գործողություններ սկսել, հասնել հաջողության ու մարսել, լրիվ այլ բան է ինքնիշխան Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելը։ Այստեղ արդեն Բաքվում հասկանում են, որ հանդիպելու են միջազգային հանրության և, առաջին հերթին, Ռուսաստանի կոշտ պատասխանին, որի մեխանիզմները Մոսկվան ցույց է տալիս Հայաստանում իր ռազմական ներկայությունն ամեն օր ավելի մեծացնելով։ Սակայն այս համատեքստում կա մի խնդիր՝ եթե անգամ Ալիևն էլ չցանկանա շարունակել հակամարտությունը՝ բավարարվելով ունեցած հաջողություններով, Թուրքիան նրան կստիպի անել այն՝ սեփական շահերն առաջ տանելու ու տարածաշրջանում ավելի ամրապնդվելու համար։ Այս պատմությունը նման է հին հունական «Իլիական» վիպասանությանը, երբ Պարիսից վիրավորված Սպարտայի արքա Մենելաոսը դիմեց զենքին սեփական վրեժը լուծելու համար, սակայն նրան այդ քայլին դրդող մեծ եղբայր Ագամեմնոնր թքած ուներ թե՛ Պարիսի, թե՛ Հեղինեի, և թե՛ իր եղբայր Մենելաոսի պատվի վրա՝ նրան Տրոյան էր պետք։ Ակնհայտ է, որ թուրքական օրեցօր մեծացող ազդեցությունն Ադրբեջանում վտանգավոր է նախևառաջ ՌԴ-ի համար, որն էլ ամեն ինչ անում է Բաքվին իր ազդեցության շրջանակում պահելու նպատակով։ 

Հայաստանի ծանր ընտրությունը

Պարտված ու թուլացած Հայաստանի համար այսօր՝ ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հնարավորինս կանխատեսելի Ադրբեջան, որը չի վերսկսի ռազմական գործողությունները մեզ համար այդքան անհարմար շրջանում, երբ մենք գլուխ չենք հանել ներքին խնդիրների հետ, ու, ինչպես երևում է, դեռ բավական երկար ժամանակ չենք էլ հասնի դրանց լուծմանը։ Մեզ ժամանակ է անհրաժեշտ վերակազմակերպվելու, վերազինվելու, վստահություն ու ազգային փրկության կոնսենսուս գտնելու համար, ուստի արտաքին խնդիրների առկայությունը մեր պետությանն այս պահին ամենաքիչն են ձեռնտու։ Ելնելով այս տրամաբանությունից՝ ՀՀ-ի համար կենսական անհրաժեշտություն է, որ Բաքուն Անկարայի և Մոսկվայի միջև ընտրության ժամանակ կանգ առնի վերջինիս վրա, հակառակ պարագայում տարածաշրջանում ռազմական լարվածությունը դեռ շատ երկար շարունակվելու է։ Այլ խոսքերով՝ մեզ պետք է, որ Բաքուն մնա ռուսական հովանոցի ներքո, և ծագած ու առաջացող բոլոր խնդիրներն էլ լուծվեն հենց այս աշխարհաքաղաքական կենտրոնում, որտեղ մեզ համար շատ ավելի բարենպաստ իրավիճակ է, քան «թուրքական դաշտը»։

Պարզ է, սակայն, որ ՌԴ-ն Ադրբեջանին «հետ բերելու» համար պետք է նրան ներառի ինչ-որ ընդհանուր ինտեգրացիոն միավորի մեջ, որպեսզի Բաքուն էլ շահագրգռված լինի այդ ընտրությամբ։ Այսօր նմանատիպ միայն երկու ֆորմատ կա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը։ Իհարկե, ՀՀ-ի համար բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու հնարավորությունը։ Այս կազմակերպությունը մեր ֆիզիկական անվտանգության վերջին խաղաքարտն է, որից առնվազն տարօրինակ կերպով չօգտվեց Նիկոլ Փաշինյանը, երբ Ադրբեջանն ակնհայտորեն ոտնձգություն էր իրականացնում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի հանդեպ։ Այլ բան է, սակայն, Եվրասիական տնտեսական միությունը։ Այստեղ Ադրբեջանի հայտնվելը կարող է կտրել նրան թուրքական կոշտ ազդեցությունից և հնարավորություն տալ խնդիրները լուծել Կրեմլի տիրույթում։ Հնարավոր է, որ այս հարցը դրվի ՀՀ իշխանությունների սեղանին, քանի որ ըստ ԵԱՏՄ կանոնադրության նոր անդամին պետք է համաձայնություն տան կազմակերպության հիմնադիր բոլոր երկրները։ Եվ ահա այստեղ է լինելու մեր ծանր ընտրությունը՝ հրաժարվել Բաքվին տեսնալ եվրասիական տիրույթում ու նրան վերջնականապես մղել դեպի Թուրքիա՝ իր բոլոր հետևանքներով, թե գնալ կամային որոշման ու համաձայնել Ադրբեջանի անդամակցությանը՝ ավելի կանխատեսելի ու քիչ ագրեսիվ հարևան ունենալու պայմանով։ 

Լևոն Սարգսյան

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս