Դատախազը պահանջել է Արտյոմ Կանևսկոյին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News

Կանևսկոյ

«Արտյոմ Կանևսկոյ» մականունով հայտնի Արտյոմ Հարությունովի գործով դատաքննությունը ավարտվել է։ Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, մեղադրող կողմը  հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքն ու դատարանին միջնորդել նրան ազատազրկման դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ քրեական հեղինակությունը մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Կանեւսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով դատավարությունն արդեն դատական վիճաբանությունների փուլում է։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը տեղեկացրել է, որ դատախազը, միջնորդելով իր պաշտպանյալին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, չի մատնանշել մեղմացնող և ծանրացնող որեւէ հանգամանք՝ նշելով, որ այդպիսիք չկան։

Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառով հանդես կգա փաստաբանը, որը պատրաստվում է միջնորդել՝ արդարացնել Հարությունովին։ Նրա խոսքով՝ Հարությունովի արարքում հանցակազմ չկա, որի մասին ինքը պատրաստվում է խոսել պաշտպանական ճառում։

«Ընդհակառակը բեսպրեդել կա ոստիկանների արարքներում, մարդկանց փռում են ասֆալտին, անհիմն, չարդարացված ֆիզիկական ուժ են կիրառում, իրավունքները խախտում են, բառիս բուն իմաստով լցնում են իրենց մեքենաները, բերման են ենթարկում, այլ անձի անվամբ գրանցված զենքը հայտնաբերելու համար անհիմն, առանց դատարանի որոշման և թույլտվության խուզարկություն են անում, հետո էլ ասում են, որ Արտյոմը ապօրինի զենք է պահում, նմանատիպ գործերով բազմաթիվ արդարացման դատական ակտեր կան»,- նշել է պաշտպանը։

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

--00--ԱԹ