Օսիպյանի եղբորորդու գործը փակված չի եղել․ քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014 թվականին տեղի ունեցած դանակահարության գործը երբեք փակված չի եղել, որ վերաբացվի։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն է տարածվել, համաձայն որի՝ գործի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել, Վալերի Օսիպյանի եղբորորդու կողմից դանակահարվածը 4 տարի անց հրաժարվել է ցուցմունքից, որի արդյունքում գործը վերաբացվել է։ 

Խոսքը 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում տեղի ունեցած  դանակահարության դեպքի մասին է, որի համար կասկածվում է Սեդրակ Օսիպյանը: Դանակահարված երիտասարդը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել և զրկվել էր փայծաղից:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը: 22-ամյա Սեդրակ Օսիպյանի   նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Որոշ ժամանակ անց դատախազությունը բավարարել էր Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունը․Սեդրակ Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին։ 9 ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո Սեդրակ Օսիպյանը ներկայացել էր քննիչին։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս քրեական գործը երբեք չի կարճվել, հետևաբար չէր կարող վերաբացվել։

«Գործը պետք է կարճվի կամ կասեցվի, որ վերաբացվի, մինչդեռ այս գործը երբեք փակված չէր, միշտ ընթացքի մեջ է եղել։ Պարզապես, որոշ ժամանակ այդ գործով որևէ մեկին չեն հրավիրել հարցաքննության։ Նախաքննությամբ ընդունված է, որ ցանկացած պահի, թեկուզ որոշակի տևական դադարից հետո յուրաքանչյուր մարդու գործով կարող են կանչել հարցաքննության»,- նշեց Նաիրա Հարությունյանը։

Ըստ նրա՝ այս պահին գործը նախաքննության փուլում է։ Նա այլ մանրամասներ հրաժարվեց ներկայացնել՝ նախաքննության շահերից ելնելով։