Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չկա, կա՛մ ինքը գնում է, կա՛մ չի գնում․ խոսակցությունը դա է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ եթե Փաշինյանը և ԱԺ խմբակցությունները պատրաստ են ընդդիմության օրակարգով վարել խորհրդակցություններ, իրենք էլ պատրաստ են դրան։

Վազգեն Մանուկյանն անդրադարձել է նաև հնարավոր արտահերթ ընտրություններին՝ կարծիք հայտնելով, որ այս լարված իրավիճակում ընտրություններն անհեթեթություն են:

«Եթե մենք թույլ ենք տալիս իր օրոք ընտրություններ տեղի ունենան, մենք դրանով անկախ մեզնից լեգիտիմացնում ենք այն ամբողջ խայտառակ պարտությունները, որ ինքը տարել է: Դուք տեսնում եք, որ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է ոստիկանական պետության, մենք նույնիսկ զարմանքով տեսանք, որ քրեական գործերն անցնում են վարչապետի գրասենյակի ինչ-որ մի աղջկա միջոցով: Այդ պայմաններում ո՞նց կարելի է գնալ ընտրությունների և երաշխավորված լինել, որ արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքի․ դա բացառվում է»:

Անդրադառնալով հնարավոր փոխզիջումներին՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ կան հարցեր, որ կարող են գնալ փոխզիջման․ «Բայց եթե դու գիտես, որ քո երկրի ղեկավարը բացարձակապես տապալել է քո երկիրը, խայտառակ պարտություն է կրել, իր հետ ի՞նչ կոմպրոմիսի գնաս, խոսենք գյուղատնտեսության մասի՞ն, անիմաստ է դա: Իր հետ կոմպրոմիս չկա, կա՛մ ինքը գնում է, կա՛մ չի գնում․ միակ խոսակցությունը դա է: Ես ուրիշ կոմպրոմիս չեմ տեսնում»:

--00—ԼՄ