Օպերային թատրոնի ստվերը կամ հայացք ներսից

Thumbnail

Ինձ համար շատ դժվար է գրել մի մարդու մասին, ում ղեկավար նշանակվելուց հետո հնարավորություն ունեցա աշխատանքի անցնել օպերային թատրոնում։ Օրբելյանին հրավիրելը և օպերային թատրոնում գեղարվեստական ղեկավար նշանակելը ես ընդունեցի մեծ ոգևորությամբ և երեք հոդված գրեցի՝ նշելով իր անձի կարևորությունը և այն հնարավորությունները, որոնք կօգնեն մեր թատրոնի վերելքին։ Համոզված եմ եղել, որ նա, լինելով ԱՄՆ-ում ծնված ու մեծացած մարդ, անպայման պրոֆեսիոնալ կլինի, կարգապահ, ժամ-միավորի արժեքը հասկացող, աշխատանքային հստակ սկզբունքների, գեղարվեստական բարձր ընկալումների տեր անձնավորություն։ Բայց, մոտիկից շփվելով և տեսնելով նրա գործողություններն ու գործունեության տեսակը, դժբախտաբար, աստիճանաբար ինձ պարզ դարձավ Օրբելյանի անսկզբունքայնությունն ու գեղարվեստական չափանիշների բացակայությունը։ Նա, ինչպես պարզվեց այս երկու տարիներին, չունի հստակ պատկերացում, թե ինչ է օպերային թատրոնը։ Նա չկարողացավ հստակ ղեկավարել-կարգավորել թատրոնի գեղարվեստական-աշխատանքային կյանքը, վարել ճշգրիտ և արդար կադրային քաղաքականություն, ստեղծել առողջ մթնոլորտ։ Նա չկարողացավ կրճատել անհարկի ուռճացված վոկալ կազմը։ Այդ կազմից՝ մոտ 56 հոգի, իրականում երգում են քսան կամ քսանհինգ երգիչ։ Առաջատար երգիչները թատերաշրջանում երգում են մեկ կամ երկու անգամ, ոմանք չեն երգում ընդհանրապես։ Կան, որ երգում են չորս կամ հինգ անգամ։

Ի՞նչ սկզբուքով են պլանավորվում օպերային ներկայացումները և երգիչների մասնակցությունը, ի՞նչ հերթականությամբ պետք է օպերային նոր ներկայացումները մտնեն խաղացանկ, պարզ չէ։ Ի՞նչն է պատճառը, որ Օրբելյանը չի ընդառաջում Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի (որի համերգային կատարումը մեկ տարի առաջ անցավ հաջողությամբ) մասնակից երգիչների համառ խնդրանքին՝ բեմականացնելու այն։ Հավանաբար, Օրբելյանի քմահաճույքը։

Թատրոնում տիրում է անորոշության, անելանելիության, անառողջ, նաև դժգոհության մթնոլորտ։ 

Շրջագայությունները լավ են, օգտակար, բայց գլխավորը, հիմնականը, թատրոնի հոգեբանության, արտիստների ներքին աշխարհի փոփոխությունն է։ Եթե նրանք տեսնեն, զգան, որ տարվում է նպատակային աշխատանք՝ դերերի ճիշտ և արդար բաժանում, հստակ, խիստ, կարգապահ աշխատանք, ամեն ինչ կգնա դեպի վեր։ Օրբելյանը չկազմակերպեց մրցույթ օպերային թատրոնից դուրս գտնվող վոկալիստների համար, որոնց մեջ կան հրաշալի ձայներ։ Բոլորին խոստանում է, բայց իրականում ոչինչ չի ձեռնարկում։ Նոր ներկայացումներ խաղացանկում ավելացնելը դրական է և բարձր գնահատականի արժանի։ Բայց ի՞նչ գնով ենք մենք հասնում նրանց բեմականացմանը։ Չունենալով աշխատանքային հստակ, ճշգրիտ  գրաֆիկ` նախապատրաստական ամբողջ աշխատանքը կատարվում է հախուռն, շատ հաճախ նյարդային վիճակում, հապշտապ, երբեմն երկու-երեք շաբաթով հանվում են նախօրոք հայտարարված ներկայացումները։ Նվագակցող կոնցերտմայստերներից ոմանք աշխատում են գերլարված, երբեմն՝ մինչև կեսգիշեր։ Եվ հավելյալ աշխատանքի համար չեն վճարվում։

Մի ուրիշ կարևոր հարց։ Նոր ներկայացումները Օրբելյանն ընտրում է պատահական սկզբունքով՝ ինչ կարողացավ գտնել արտասահմանում։ Բայց այդ փնտրումների մեջ էլ անհրաժեշտ է լինել հետևողական։ Իմ հարցին՝ ինչո՞ւ է ընտրվել «Մանոն»-ը, որի բեմականացման համար նախապատրաստական ամբողջ աշխատանքը կատարվեց հատվածաբար ժամերն ու օրերը, ընդհանրապես գրաֆիկը, ճիշտ չբաշխելու պատճառով, և, ընդամենը չորս ներկայացումից հետո հետ պետք է ուղարկվի (չարդարացվող ահռելի ծախսեր), պատախանեց, թե ինքը գիտի, որ «պրեզիդենտ Մակրոնը սիրում է այդ օպերան․․․»։ Մտածելակերպի անհեթեթությունն էլ հավանաբար իր սահմանները պետք է ունենա։ Ուրիշ հարցնողների էլ այլ բան է ասել։Հրավիրել վոկալի և բեմի մասնագետներ, կազմակերպել մեր թատրոնի հյուրախաղերը, լավագույն վոկալիստների համերգները արտասահմանում շատ լավ է, բարձր գովասանքի արժանի։ Թատրոնի նոր կանոնադրության կետերից  մեկը պետք է լինի «Պրոդյուսեր»-ի պաշտոնը։ Այս հաստիքը կարող է զբաղեցնել միայն Օրբելյանը, որը, իմ համոզմամբ, հիանալի կաշխատի այս պաշտոնում։ Նրա տարերքը միջոցառումներն են։ Այսքա´նը միայն։

Ինտելեկտուալ խնդիրները  դեն են շպրտված թատրոնից: Եվ սա մեծ կորուստ է: Ինչու՞ է թատրոնը խույս տալիս ինտելեկտուալ երաժշտությունից և ինտելեկտուալներից: Մենք չենք կարող առաջ գնալ առանց նրա, Ռ. Վագների բնութագրությամբ՝ «գործուն, մղիչ ուժի, որն ունի կարգավորիչ, պտղաբեր ստեղծագործական ընթացք»: Ինտելեկտից զուրկ արվեստը երբեք չի կարող մեզ բավարարել:

Թատրոնի խաղացանկում չկա 20-րդ դարի արտասահմանցի կոմպոզիտորի ոչ մի օպերա։ Օպերաներ են գրել մեր ավագ և միջին սերնդի մի քանի տաղանդավոր կոմպոզիտորներ։ Ո՞ւր են։ Օրբելյանի գործունեության հենց սկզբում խորհուրդ եմ տվել հայ կոմպոզիտորների օպերաների և բալետների, խաղացանկում ընդգրկման կարևորությունը։ Ոչ մի առաջարկ, խորհուրդ, արձագանք չգտավ, թեև միշտ ասում էր «да, конечно, объязательно»: Հարց եմ տալիս՝ եթե մենք չենք կատարում մեր հեղինակներին, հապա ո՞վ պիտի նրանց կատարի։ Այսօրվա բեմական հնարավորությունների պայմաններում չկա ոչ մի դժվարություն դիտարժան, հանդիսատեսին դեպի իրեն ձգող, նոր բեմականացումների իրանկանացման համար։ 

Եթե մենք ուզում ենք հստակեցնել և ճշտորեն իրականացնել թատրոնի գեղարվեստական աշխատանքը, ուրեմն հույժ անհրաժեշտ է ստեղծել «Պլանավորման, կոորդինացման և վերահսկողության» բաժին: Այս բաժինն է զբաղվելու թատրոնի բոլոր սեկցիաների՝ նվագախմբի, երգչախմբի, վոկալիստների և կոնցերտմայստերների, բալետի, առանձին և ընդհանուր բեմական փորձերի, փորձասենյակների տրամադրման, վարձակալության տրվող օրերի և ժամերի ամբողջական գրաֆիկը, որը Գեղարվեստական խորհրդի կողմից հաստատվելուց հետո, չի՛ կարող փոխվել: Բազմիցս եմ առաջարկել խոսել իր հետ այս մասին, առաջարկել իմ օգնությունը՝ ղեկավարելու այդ բաժինը, միշտ լսել եմ  «да, да, сделаем, сделаем»: Ոչ մի տեղաշարժ: 

Ես հասկանում եմ, թե ինչու Օրբելյանը չի ստեղծում այս բաժինը: Նա իրեն հրաշալի է զգում հեղհեղուկ, ջրջրիկ միջավայրում: Նա չի կարող աշխատել կոնկրետ և հաստատուն ռեժիմով, որովհետև այդպիսին չեն իր մտավոր և հոգևոր աշխարհները: Նաև անհանդուրժելի չափի փոփոխամիտ մարդ է։

Թատրոնի գլխավոր երկու պաշտոնները հանձնելով նույն մարդուն՝ Օրբելյանին, նրան հնարավորություն է տրվում ուզուրպացնել ամբողջ իշխանությունը։ Կա երկու նուրբ հարց էլ։ Եթե մի արտիստ դժգոհություններ ունի Օրբելյանի դեմ, ո՞ւմ պետք է դիմի, երբ երկու պաշտոններն էլ վարում է նույն ինքը։ Անելանելի վիճակ է ստեղծվում։ Բացի դրանից՝ կա շփման դժվարության հարց։ Օրբելյանը չի տիրապետում բանավոր և գրավոր հայերենին՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզվին՝ պարտադի՛ր պետական պաշտոն զբաղեցնողների համար։ Ցավալին այն է, որ այս տարիներին նա ջանք չգործադրեց սովորել հայերեն գոնե բանավոր։ Անհրաժեշտ է այդ պաշտոններում նշանակել կամ ընտրել երկու տարբեր անձերի թատրոնում հավասարակշիռ գործունեություն ծավալելու համար։ Պետք է կասեցվի թատրոնի այսօր գործող ՊՈԱԿ-ի կանոնադրությունը և գրվի նորը, որում պետք է հստակ նշվեն գեղարվեստական ղեկավարի, տնօրենի և պրոդյուսերի պաշտոնները՝ որոշակիացնելով նրանց պարտականություննների սահմանները։ Պրոդյուսերի պաշտոնը պետք է տրվի Օրբելյանին, միանշանակ։ Միայն այս տրիումվիրատի, կառավարման խորհրդի, գեղարվեստական խորհրդի միասնական ջանքերով կարելի է բարձրացնել թատրոնի օգտակար գործողության գործակիցն ու էլ ավելի բարձրացնել կատարողական որակը։ Կառավարման խորհրդում, գեղարվեստական խորհրդում անհրաժեշտ է ընդգրկել եռանդուն և գործունյա մարդկանց, որոնք գիտեն կամ լավ պատկերացնում են թատրոնի աշխատանքը։ Խորհուրդներում սովորության ուժով  չպետք է ընդգրկվեն տաղանդավոր և մեծ համբավ ունեցող, բայց պասիվ, պրոֆեսիոնալ գործունեության առումով, ոչ պիտանի անձինք, նաև նրանք, որ ամեն տեղ են ՝ բոլոր խորհուրդներում, հանձնաժողովներում, որոնք ոչնչով աչքի չեն ընկել իբրև պրոֆեսիոնալ մասնագետներ, բայց պերճախոս, առատախոս, ճոխալեզու բալտոլոգներ են։ 

Մարդկային, գործընկերային իմաստով դատապարտելի և անբարոյական էր Օրբելյանի վարքագիծը Մոսկվայում կայացած «Գայանե» բալետի ներկայացման ավարտից հետո, երբ ներկայացումը վարած դիրիժորը բեմում ընդունում էր ծափահարությունները, Օրբելյանը մոտենում է դիրիժորական վահանակին և կրկնում «Սուսերով պարը»: Փոքրոգի, տմարդի արարք կոլեգայի նկատմամբ: Երևանում էլ «Կարմեն»-ի և «Մանոն»-ի ավարտից հետո վազում է կուլիսներ և կանգնում, մինչև ներկայացումը վարող դիրիժորը կամ երգիչներից մեկը նկատում է իրեն (կամ նախօրոք պայմանավորված) և ձեռքից բռնած բերում բեմ: Որ ի՞նչ: Բայց չէ՞ որ նա այդ ներկայացման ո՛չ դիրիժորն է, ո՛չ ռեժիսորը, ո՛չ նկարիչը: Իբրև գեղարվեստական երևույթ չկայացած մարդու հոգեբանություն, թուլություն, որ ամեն կերպ ուզում է ցույց տալ իր ներկայությունը, «հեղինակությունը»: Շատ ավելի գովելի և հաճելի կլիներ, որ նա փայլուն կերպով ղեկավարեր մի ներկայացում և հանդիսալսողը բուռն ծափողջույններով իրեն դիմավորեր: Բայց նա չի ղեկավարել և չի ղեկավարում ոչ մի ներկայացում, որովհետև չի կարող: Եվ պետք էլ չէ, որ ղեկավարի: Երբեմն, ժողովրդական լեզվով ասենք, իր հավեսի համար կարող է ղեկավարել միայն արիաներից և նախերգանքներից կազմված համերգներ: Փոքրիկ թուլություն է, իր անձը շոյված լինելու համար կարելի է: Իմիջիայլոց, երբ հարցնում են՝ ո՞վ պետք է ղեկավարի այսինչ կամ այնինչ նոր ներկայացումը՝ նաև հյուրախաղային ներկայացումները, միշտ պատասխանում է՝ «Я», բայց ի վերջո ղեկավարում են ուրիշ դիրիժորներ...:

Մանրամասների մեջ չմտնելով, երբ մի զրույցի ժամանակ նրան ասացի, թե ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ինքը՝ Օրբելյանը, կարծում է կամ համոզված է, որ օպերային թատրոնը սեփականաշնորհված է իրեն, նա հայտարարեց, թե այսուհետև ինքն ու ես խոսելու ենք միայն գրավոր։ Զարմացա։ Դա ավելի շուտ նեղացկոտ աղջնակի պահվածք է, քան հիմնարկի ղեկավարի։ Այս տարվա հունիս-հուլիսին չորս նամակ եմ հղել իրեն, բայց ցայսօր չունեմ պատասխան։ Օրբելյանի՝ հայերեն չիմանալու պատճառով նամակները ուղարկվում են առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանին, ով հավանաբար պետք է թարգմանի նամակներն Օրբելյանի համար, հետո պատասխանի։ Բայց․․․ չեմ կարծում, որ սա աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ ձև է։ Ինչևէ։ 

Անժելա Թովմասյանի հետ «Հայելու առաջ» հաղորդումը դիտելիս․ այս հաղորդումը ես հավանում եմ, թեև ունեմ մասնակի դիտողություն, հոգնեցուցիչ էր Օրբելյանից այդքան «я» լսելը՝ «я сказал, я подарил, я заплатил, я купил, я организовал, я пригласил, я сделал, из моего кормана...»։ Կիրթ մարդն այդքան մատնացույց չի անի իր արածները, ինչի համար բոլորն էլ շնորհակալ են։ Այս պահվածքը ուղղակիորեն հաստատում է, որ նա շատ լավ, գործուն պրոդյուսեր է, բայց ոչ գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ Այդ հաղորդման ժամանակ Օրբելյանն ասաց, թե ինքը առաջին օտարերկրացին էր, որին հրավիրեցին Մոսկվայի կամերային նվագախումբ՝ փոխելով ինչ-որ մի օրենք։ Ակնարկը պարզ է․․․ Այդ խառը ժամանակներում՝ 1990-ականների սկզբում, Ռուսաստանում, ինչպես նաև սովետական նախկին հանրապետություններում, նաև Հայաստանում փող էր պետք, և մեծ փողեր, և կարևոր չէր, ով է տվողը, միայն թե կարողանային ոտքի վրա մնալ և շարունակել աշխատել։ Ոչ թե Օրբելյանն էր պետք, այլ նրա գումարները, որը նա հատկացնում էր առատորեն, որպեսզի, քանի դեռ հնարավոր է, լինի նվագախմբի ղեկավարը։ Նույնը հիմա անում է Երևանում։ Հաղորդման վերջում էլ երկու պաշտոնները միանձնյա ղեկավարման իմաստով իրեն նույնացրեց ֆենոմենալ, եզակի գործունեություն ծավալող, աշխարհահռչակ երաժիշտ-դիրիժոր Վալերի Գերգիևի հետ։ Մարդն էլ այդքան անհամեստ կլինի:

Հուսամ՝ այս ելույթով չեմ վիրավորել Օրբելյանի անձը, ինչպես նաև նրան պաշտպանողներին ու գնահատողներին։ Գուցե թույլ եմ տվել կոշտ բնորոշումներ, առանձին  կոշտ խոսքեր կամ կոշտ արտահայտությունններ, որի համար հայցում եմ բոլորի ներողամտությունը, բայց ներքին մղումս եղել է անկեղծությունն ու ճշմարտությունը։ Ես ինքս նրան պաշտպանում եմ, բայց ա՛յն տեղում, որտեղ ինքն առավելագույնս կարող է օգտակար լինել՝ պրոդյուսերակա՛ն գործունեության մեջ։ Թատրոնին պետք է նոր գեղարվեստական ղեկավար և նոր տնօրեն։

Օրբելյանն առօրեական իրականության մարդ է։ Հայկական օպերային թատրոնի տնօրեն, և հատկապես գեղարվեստական ղեկավար լինելու համար անհրաժեշտ է իմանալ ոչ միայն համաշխարհային օպերան՝ նրա զարգացման ուղիները պատմական բոլոր փուլերում, այլև պարտադիր է գիտենալ հայ արվեստն իր արմատներից, հաؘյ լինել ներսից։

Զավեն Վարդանյան 

Օպերային թատրոնի դիրիժոր

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հ․Գ․ Հնդկական մի ասացվածք կա. «Վատը դեռ վատ չէ․ բոլորին տեսանելի է նրա այլանդակությունը։ Միջակություն, ահա ինչն է վատը, որովհետև նրանում են տեսնում նմանությունը լավի հետ»։

Հ. Գ. 24News-ը պատրաստ է նաև հրապարակել Կոնստանտին Օրբելյանի տեսակետն օպերային թատրոնում տիրող վիճակի մասին: