Հիվանդանոց տեղափոխված 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

հիվանդանոց

Սուր գաստրոէնտերիտ նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված նախադպրոցական տարիքի 11 երեխաներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մնացած 6-ի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին «Հայկական ժամանակին» տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից: 

Վերը նշված մեկ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել ծնողների ստորագրությամբ: Նրա առողջական վիճակը եւս բժիշկները բավարար են գնահատել: Երեխան բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: 

Երեխաների մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառների մասին հնարավոր վարկած չի նշվում: Խաչատրյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ հստակ կլինի լաբորատոր հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

Հոսպիտալացված երեխաները, մեր տեղեկություններով, «Վիննի Պուխ և ընկերներ» մասնավոր մանկապարտեզի սաներ են: Նախակրթարանի ղեկավարությունը չհերքեց դա: Բայց եւ մեկնաբանություն չտվեցին:

 Զանգահարելով Սփյուռ տեղեկատվական համակարգում նշված բջջային հեռախոսահամարին՝ մեզ պատասխանեց մանակապարտեզի փոխտնօրենը, որը նշեց, թե հիմա բժշկի հետ է խոսում, մեր հարցերին կարող է պատասխանել մեկ ժամ հետո, իսկ արագ պատասխան ստանալու համար առաջարկեց զանգահարել մանկապարտեզի քաղաքային հեռախոսահամարով: Մեր հարցը լսելով՝ մանկապարտեզից անմիջապես անջատեցին հեռախոսը՝ հետագա զանգերին այդպես էլ չպատասխանելով: Մեկ ժամ անց փոխտնօրենի հետ եւս կապ հաստատել մեզ այլեւս չհաջողվեց:

--00--ԱՀ