Բաղանիսում ոչ ոք Ամանորին դուռը չի փակում ու տնից չի բացակայում․ Բաղանիսի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 29, 24News

Thumbnail

Սահմանային Բաղանիս գյուղում ապրողների տրամադրությունը շատ բարձր է, գյուղական ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուրն իր խոզն է մորթում ու պատրաստվում Ամանորին։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

«Գյուղում տոնածառ ենք դրել, դեկտեմբերի 31-ի երեկոյան միջոցառում կկազմակերպենք, Ձմեռ պապը հյուր կգա փոքրիկներին։ Երիտասարդությունը սեղան է պատրաստում տոնածառի մոտ, մինչև ժամը 12։00-ը ուրախանում ենք, հետո գնում տուն, դիմավորում Ամանորը»,- նշեց գյուղապետը։

Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Բաղանիսում ոչ ոք Ամանորին դուռը չի փակում ու տանից չի բացակայում։ 

Thumbnail

«Հայի ոգին Բաղանիսում պահպանվում է, բնակիչները պարտավոր են Նոր տարին դիմավորել ու նշել հայրական գյուղում՝ ընտանիքի հետ։ Ինքս բարձրանում եմ առաջնագիծ՝ Բաղանիսը պահող երեք դիրք, զինվորների հետ եմ դիմավորում Նոր տարին, հետո գալիս եմ իմ հայրական օջախ»,- ասաց Նարեկ Սահակյանը։

Գյուղապետը նշեց՝ բաղանիսցիներն Ամանորին առաջինը սահմանապահ զինվորների կենացն են խմում։

«Առաջին մաղթանքն այն է, որ սահմանը խաղաղ ու ամուր լինի։ Ճակատագիրն է մեզ հուշում, որ առաջինը սահմանը պահող տղերքի կենացը խմենք»,- ասաց գյուղապետը։

Նրա բնորոշմամբ՝ սահմանամերձ Բաղանիսի համար 2018-ը նախորդ տարվա համեմատ ավելի հանդարտ էր։ Թեև սեպտեմբերի 2-14-ն ընկած ժամանկահատվածում գյուղի ուղղությամբ ինտենսիվ գնդակոծություն է եղել, բարեբախտաբար, կրակոցները միայն նյութական վնաս են պատճառել։ Բաղանիսի գյուղապետը 2018-ի կարևոր ձեռքբերում համարեց գյուղում ջրաչափերի տեղադրումը, նոր մանկապարտեզի ու մարզասրահի կառուցումը։

«2013-ից  գյուղապետարանի շենքի մի սենյակ էր երեխաների համար մանկապարտեզ ծառայում։ Այժմ կառուցվում է նոր մանկապարտեզ, նախատեսում ենք մինչև 2019-ի ապրիլ ավարտել։ Հին, չգործող մանկապարտեզի շենքն էլ վերանորոգել ու գյուղի երիտասարդների համար «Արֆայթինգ» ֆեդերացիայի «Բաղանիս» մարզական ակումբ ենք բացել։ Երիտասարդներին կարողացել ենք փողոցից կտրել, որ զբաղմունք ունենան»,- տարվա ձեռքբերումները ներկայացրեց գյուղապետը։

Նարեկ Սահակյանի խոսքով՝ 15 օր առաջ Էջմիածնում տեղի ունեցած  մանկապատանեկան առաջնությունում 15 տարեկանների շրջանում բաղանիսցի պատանիները գրավել են 3-րդ տեղը։

Բաղանիսցի գյուղապետն, ապրելով սահմանին ու լավ իմանալով խաղաղության գինը, առաջնահերթ խաղաղ երկինք է մաղթում հայրենիքին։