Թշնամու թիրախում. ինչպես խոցվեց Մեղրու հրետանավորների «Ուրալը»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Ուրալ

2020 թ. արցախա-ադրբեջանական պատերազմի 22-րդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, Մեղրու Ագարակի զորամասի ստորաբաժանումները Ջրականից (Ջաբրայիլ) նահանջում էին դեպի Իշխանաձոր։ Ճանապարհին հրետանավորների շարասյան չորս «Ուրալ»-ներից երկուսը Իշխանաձորից մոտ 3 կմ հեռավորության վրա խոցվեցին։ Ուրալների խոցման մանրամասներին է անդրադարձել Hetq.am-ը: ԱԹՍ-ի առաջին արկն ընկավ «Ուրալներից» մեկի սկզբնամասին ու չպայթեց, հարվածից ոչ ոք չտուժեց։ Զինվորները մեքենաներից իջան և որոշ ժամանակ տարածքում սպասելուց հետո կրկին հրաման ստացան՝ նստել մեքենաներն ու շարժվել։ Շարժվելուց կարճ ժամանակ անց արդեն երկրորդ հարվածը մյուս մեքենայի թափքին էր։ «Ուրալ»-ում գտնվող 9 զինծառայողներից 4-ը զոհվեցին, մեկը ծանր վիրավորվեց, իսկ մյուսը համարվում է անհետ կորած։

Բոլոր զոհվածները ժամկետային զինծառայողներ էին, ծառայում էին Մեղրիում՝ Ագարակի զորամասում, որտեղից էլ հոկտեմբերի 3-ին տեղափոխվել էին Ջրական։ Նրանցից երկուսը՝ Արտակ Գրիգորյանը և Արգիշտի Շիրինյանը, երկու ամսվա ծառայողներ էին, պատերազմից մեկ ամիս առաջ էին դուրս եկել կարանտինից։ Հրաչյա Թադևոսյանը բանակ էր զորակոչվել 2019 թ․-ի ամռանը, Սերգեյ Երիցյանը՝ նախորդ տարվա հունվարին, իսկ անհետ կորած զինծառայող Խաչատուր Ավետիսյանը 2022-ի հունվարին պետք է վերադառնար տուն։ 

Արտակ Գրիգորյանը 2020-ին ավարտել էր Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցն ու միանգամից զորակոչվել բանակ։ Զորամասում վարորդ էր, մայրն ասում է, որ բոլորը որդուն «Ուրալի Արտակ» էին ասում։ Պատերազմի ընթացքում Արտակն ամեն օր զանգում էր տուն։ Վերջին անգամ խոսել է հոր հետ, որը նույնպես մասնակցում էր պատերազմին Մարտունու շրջանում, պատմել է, թե ինչպես է արկը քիչ առաջ ընկել իրենց մեքենայի վրա, ու որ իրենք հիմա դաշտում ցրված՝ սպասում են հրամանի։ 

«Ես իրեն ասեցի՝ Արտակ, հանկարծ նորից մեքենան չնստեք, մեքենաներին են խփում, ոտքով գնացեք, ինքն ինձ ասեց՝ լավ, պապ, կանչում են, պետք ա գնամ։ Էս մեր վերջին խոսակցությունն էր»,– պատմում է Սեյրան Գրիգորյանը։ Դրանից հետո նա որդու հետ այլևս չի կարողացել կապ հաստատել, մի քանի ժամ հետո իմացել է, որ մեքենան պայթեցրել են, հանձնել է զենք-զինամթերքը ու գնացել Մեղրի։

Ստորաբաժանման հրամանատար Արսեն Հայրապետյանը, որ պայթյունի պահին մեքենայում է եղել, պատմում է, որ զորքին կրկին մեքենաներ նստեցնելու հրամանն իրեն տվել է վերադասը, ինքն էլ՝ զինվորներին։ Հրամանատարի խոսքով՝ ինքը և ևս երկու հոգի նստած են եղել «Ուրալի» առջևի մասում և լուրջ վիրավորում չեն ստացել։ Հարվածից հետո բռնկված հրդեհի պատճառով մյուս զինծառայողները տղաներին չեն կարողացել դուրս բերել մեքենայից, վերցրել են միայն վիրավոր զինծառայողին ու ոտքով շարունակել ճանապարհը։ Զոհվածների մարմինները դեպքի վայրից դուրս են բերվել միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին։

Արսեն Հայրապետյանը ստացած ցնցման հետևանքով ստույգ չի հիշում, թե երբ է դեպքը տեղի ունեցել, բայց նշում է մոտավորապես ժամը 13։00-14։00 ընկած հատվածը, ինչը, սակայն, քիչ հավանական է։ Արտակ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը հինգին, քանի որ հենց այդ ժամանակ է հայրը վերջին անգամ խոսել որդու հետ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ