Առաջիկայում կմեկնարկեն Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի  պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ջովաննի Ռուբինին ներկայացրել է Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն` գոհունակություն հայտնելով  ՀՀ կառավարության հետ համագործակցությունից:

Ջովաննի Ռուբինիին նշել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների:

«Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ շուտով կավարտվի ծրագրի ֆինանսական ամփոփումը եւ կտրվի էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը:

Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարևորել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքների պատշաճ իրականացումն ու սահմանված ժամկետների պահպանումը:

Նշենք, որ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր  ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացվում է իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» եւ գերմանական «Սիմենս» ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ: Այն հնարավոր կլինի ավարտել 26 ամսվա ընթացքում եւ շահագործման կհանձնվի 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան, որի էներգիայի արժեքը, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ, կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կվտժ-ի համար: Շինարարության մեջ ներգրավված է լինելու 1000-1200 մարդ, իսկ շահագործումից հետո ստեղծվելու են 230 աշխատատեղեր։