Մարտունիում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24 News

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության մասին տվյալներ էին ստացել։ Հոկտեմբերի 28-ին, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, Երանոս գյուղ տանող ճանապարհին հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երանոսի 3 բնակչի՝ իրենց մեքենայով հանդերձ։

Նրանցից մեկի՝ 59-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ և մեքենայից հայտնաբերվեցին տարբեր քաշով չորացված, մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Մարտունու քրեական հետախույզները շարունակեցին օպերատիվ միջոցառումները։ Արդյունքում՝ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թմրամիջոցը ձեռք է բերվել Գավառի մի բնակչից։ Կարճ ժամանակում ճշտվեց իրացնողի ինքնությունն ու բնակության հասցեն։
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 30-ին խուզարկվեցին 66-ամյա տղամարդու՝ Գավառի Բունիաթյան փողոցի տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին 1 կգ 90 գրամից ավելի կանեփի չորացված, մանրացված զանգվածներ, քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, այդ թվում՝ երկաթյա քամիչ, նոթատետր և թմրայութ փաթեթավորելու համար նախատեսված թղթեր:
Գավառի 66-ամյա բնակիչը բերման ենթարկվեց ու ձերբակալվեց:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--00—ՄՀ