Աստիճանահարթակը փլվել էր. երեխան՝ մահացել. համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում է ՔԿ-ից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլուզվել է Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը, որի հետևանքով նույն բնակավայրի մեկ անչափահաս բնակիչ մահացել է, իսկ  վեցը՝  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցները, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԿԿ