Ադրբեջանում ձերբակալվել է զինծառայողների խոշտանգման հետ կապված «Թարթառի գործը» հանրայնացնող իրավաբան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 29,  24 News

թարթառ

Ադրբեջանում ձերբակալվել է 2017 թ․ Թարթառում հարյուրից ավելի զինծառայողների խոշտանգման և նրանցից մի քանիսի սպանության հետ կապված դեպքերի հանրայնացման գործում ակտիվ մասնակցություն ունեցած իրավաբան Իլհամ Թահմազովը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է քաղաքագետ Արաստուն Օրուջլուն, փոխանցում է 1lurer.am-ը։

«Ուրիշ բան չէինք սպասում։ Քանի որ Թարթառի ջարդն իրականացրած իշխանությունն այլ կերպ չի կարող վարվել։ Բայց սա տարիներ շարունակ պայքարողներին չի կարող և չի ստիպի նահանջել։ Չնայած բոլոր ձերբակալություններին, սպառնալիքներին ու խախտումներին՝ «Թարթառի հանցագործությունը» կբացահայտվի։ Որովհետև այն պարզապես հանցագործություն չէ, այլ մահափորձ ժողովրդի գոյության դեմ»,- նշել է քաղաքագետը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն՝ իրավաբան Իլհամ Թահմազովի դեմ հայց է ներկայացրել Թահիր Գուլիևը: Իրավաբանը Թահիր Գուլիևի որդուն՝ Վասիֆ Գուլիևին, մեղադրել էր Թարթառում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ավագ լեյտենանտ Ադիլ Սաբիրլիին խոշտանգելու համար։ Վերջինս Թարթառի իրադարձությունների ժամանակ մահացած զինծառայողներից մեկն է եղել։ 

--00—ՄՀ