Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

տռռեգտեռգ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը գրել է․

Հարգելի քաջարանցիներ, փաստաբաններիս միջոցով հանդես եմ գալիս սույն ուղերձով։

Ս/թ փետրվարի 7-ին՝ առանց հիմնավոր պատճառաբանության և հիմքերի՝ կրկին կալանավորվեցի։
Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել, որը իմ վերադարձով կարողացա ընթացքի մեջ դնել և բազմաթիվ կիսատ մնացած ծրագրեր կյանքի կոչել։ Այս անսպասելի կալանավորումը կրկին այդ ծրագրերն ու համայնքում իրականացվելիք լայնածավալ աշխատանքների տեմպերին իր հարվածն հասցրեց։

Հարգելիներս՝ վստա՛հ եղեք, շուտով կվերադառնամ և այս անգամ արդեն իր տրամաբանական ավարտին կհասցնենք այդ բոլոր ծրագրերը և իրականություն կդարձնենք նորանոր ծրագրեր՝ ի շահ համայնքի զարգացման։

Կգամ և կշարունակեմ իմ առաքելությունը, որի մանդատը դուք եք տվել ինձ։ Այս ամենը ժամանակավոր խնդիրներ են, որոնք ցանկացած առաջնորդ պետք է պատվով կրի և պատվով էլ դուրս գա այդ փորձություններից։ Մեր համատեղ և միասնական աշխատանքի արդյունքում այս ամիսների բացթողումները հաղթահարելու ենք միասին և ճակատներս պարզ սերունդներին ենք թողնելու այնպիսի համայնք, որի մասին դեռ երկար կխոսվի մեր պատմության մեջ։ Եղեք միասնական և ուժեղ, քանզի այդ միասնությունը ավելի կամրապնդվի իմ ներկայությամբ, որը կլինի շատ շուտով։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Սա ոգու փորձություն է և այս փորձությունն էլ պատվով կհաղթահարեմ և կշարունակեմ լծվել համայնքի զարգացման կարևոր խնդիրներին։

Առաջիկայում ձեզ կներկայացնեմ համայնքում իրականացվելիք բոլոր ծրագրերը քայլ առ քայլ։ 
Ուժ և եռանդ բոլորիդ ընտանիքներին՝ եղեք առողջ, միասնական և սպասեք իմ վերադարձին՝

հարգանքով և հպարտությամբ ձեր համայնքի ղեկավար՝ Մանվել Փարամազյան։

--00--ՍԳ