ԲԴԽ-ի մեղադրանքներն անհիմն են, ՄԻՊ-ը գործել է իր մանդատի շրջանակներում. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Ռուբեն Մելիքյան

Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին Բարձրագույն դատական խորհրդի մեղադրանքներն անհիմն են, ՄԻՊ-ը գործել է իր մանդատի շրջանակներում։ Այս մասին 24News-ին ասաց «Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ԲԴԽ-ի հայտարարությանը։

Փետրվարի 10-ին ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել, որում ՄԻՊ Արման Թաթոյանին մեղադրել էր անաչառություն ու օբյեկտիվությունը ապահովմանը չնպաստելու, դատական իշխանության գործունեությանը միջամտելու մեջ։ Թաթոյանը փետրվարի 10-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խախտվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքները։ Արման Թաթոյան էլ իր հերթին էր փետրվարի 11-ին արձագանքել ԲԴԽ-ի հայտարարությանը։ «Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխանի տա, եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ Պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը», - նշել էր նա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նախ բավարար գնահատեց ՄԻՊ-ի պատասխան արձագանքը ԲԴԽ-ին, ապա անդրադառնալով հեռակա բանավեճի առիթ դարձած, դատավոր Բախշիյանին առընչվող քրեական գործին, նշեց, որ գործ ունենք աննախադեպ երևույթի հետ։ «Առաջին՝ փաստացի կիրառվել է մի հոդված, որը երբեք չէր կիրառվել, 2-րդ՝ երբ դատավորին պատասխանատվության են կանչում իր պարտականությունները կատարելու համար, 3-րդ՝ մեղադրում են ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ, ընդորում դատախազության կողմից ակտը չի բողոքարկվել, 4-րդ՝ դատավորը ոչ թե պարզապես քրեական հետապնդման է ենթարկվել, այլ կալանավորվել է։ Այս պայմաններում լրիվ տեղին է մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը», - ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԲԴԽ-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել։ Հաջորդ օրն Ազգային անվտանգության ծառայությունում Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը) 3-րդ մասով։ 

Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավորը չի ընդունում մեղադրանքը, փետրվարի 1-ին դատարանի մոտ նա  հայտարարել է, որ իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը։ Ըստ մեղադրանքի՝ դատավոր Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին, որը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է և համարվում է Նիկոլ Փաշինյանի համակիրներից մեկը:

Փետրվարի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը, որը հայտնի էր դարձել 2018 թվականի նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի նախընտրական երթի ժամանակ թմբուկ խփելով, բավարարել էր Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։ Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) կալանքից ազատ էր արձակվել: ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը բացառել էր, որ ԲԴԽ-ի համաձայնություն տալը պայմանավորված է Աշոտ Մինասյանին ազատ արձակելու որոշման հետ։

--00--ԱՀ