Ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցում օրենսդիրը իմաստուն պետք է լինի, երկրի առջև խնդիրներ կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Խորհրդարանական երկրին չի սազում, երբ խորհրդարանում  ներկայացված է ընդամենը մեկ քաղաքական ուժ։ Ընդդիմադիր հայացքներ, գաղափարներ ունեցող պատգամավորները ստացել են ժողովրդի ձայնը, պետք է ներկա լինեն Ազգային ժողովում և ազդեն որոշումների կայացման վրա: Այս մասին 24TV-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Ժողովրդավարական երկրին չի սազում միակուսակցական խորհրդարան, իրավական պրոցեսներից զատ, մեր օրենսդիրները՝ թե՛ իշխանականները, թե՛ ընդդիմադիրները, պետք է ավելի շատ քաղաքական իմաստության ցուցաբերեն՝ խնդիրներին լուծումներ գտնելու համար, որոնք մեր երկրի համար բազմաթիվ են՝ անվտանգայինից մինչև սոցիալ-մշակութային: ժողովուրդը, որն ընտրել է այս կամ այն ուժին, ունի ակնկալիք՝ իր ձայնը հասանելի դարձնելու համար: Պատգամավորների ներկայացվածությունն Աժ-ում կարևոր է, պետք է հնարավորություն ունենան իրենց բոյկոտը ներկայացնելու»,- ավելացրեց ՄԻՊ-ը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի և բանակցություններում ներկայացվող Արցախի ժողովրդի իրավունքների խնդրին՝ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ վտանգավոր չէ, երբ խոսում ենք ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, այլ բոլոր իրավունքնների մասին, քանի որ այդպես դաշտ է բացվում աշխատելու համար։ Ըստ նրա՝ կարևոր են ոչ թե բանալի բառերը, այլ առաջ շարժվելու ռազմավարությունը և բովանդակությունը:

Խոսելով Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին՝ ՀՀ ՄԻՊ-ը նկատեց, որ այս պահին դեռևս տեղեկություններ չունի, օրեր առաջ Գյումրիում հանդիպել է խծաբերդցի ընտանիքների հետ և քննարկել տարբեր խնդիրներ, կապի մեջ է մյուս գերիների ընտանիքների հետ.

«Մտահոգված եմ այն պայմաններից, որում պահվում են հայ ռազմագերիները, փորձել եմ միջնորդների օգնությամբ այս հարցի վերաբերյալ կապ հաստատել ադրբեջանցի կոլեգայի հետ, մինչ այս պահը նա քաջություն չի գտել ներգրավվելու համար»,-նշեց Գրիգորյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։