Գեղարքունիքի գյուղերը ջրի լուրջ խնդիր ունեն․ կապտաժներն ու ջրաղբյուրներն անցել են թշնամու ձեռքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

nka8

Գեղամասար համայնքի մի քանի բնակավայրերում ջրի հետ կապված շատ լուրջ խնդիր կա։ Այս մասին 24News-ին ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ 

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակում էր արել՝ տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղերում ջրի խնդիր կա։ Համաձայն ՄԻՊ պաշտոնական կայքի հրապարակման՝ այս գյուղեր Թաթոյանն այցելել է փետրվարի 10-ին։ 
 
Ավետյանն ասաց, որ ինքը Թաթոյանի հետ շրջել է հիշյալ գյուղերում, և բնակիչների հետ միասին ներկայացրել խնդիրները, որոնք ստեղծվել են 2021 թվականին մայիսի 12-ին Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ներխուժման ու հայկական տարածքում տեղակայման հետևանքով։  

«Կապտաժները, ջրաղբյուրներն անցել են թուրքերի ձեռքը։ Այլընտրանք պետք է մտածվի, այլընտրանք պետք է ուսումնասիրվի տարածքում, հասկանանք՝ ինչ է լինում։ Գեղամաբակն ընդհանրապես ո՛չ ոռոգման, ո՛չ խմելու ջուր ունի։ Ջաղացաձորը՝ մասնակի, մի քիչ ջուր ունի, Սոթքում նոր կառուցված ջրագիծն արդեն թուրքերի վերահսկողության տակ է, չեն կարողանում միացնել, Կութը նույնն է, Նորաբակի ջրաղբյուրներն ընդհանրապես հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Ջաղացաձորինն էլ սկիզբ է առնում Այրքից, այնտեղինն էլ անցել է թուրքերի կողմը», - մանրամասնեց համայնքի ղեկավարը։

Ավետյանը նաև ասաց, որ բնակիչները կողքի գյուղերից են տարբեր մեքենաներով ջուր բերում։

«Եթե թուրքերն այդտեղից չեն գնալու, այդ տարածքները մնալու են իրենց, ուրեմն մնում է այլընտրանք մտածել։ Սոթքը ջուր մասնակի ունի, քիչ ունի, որը բնակչության կեսին է բավարարում, այն էլ կարճ ժամանակով․ 2 ժամ ենք ջուր տալիս, որպեսզի կարողանա հերիքել։ Իսկ մեր նոր ջրագիծը կարող էր ապահովել շուրջօրյա ջուր, դա էլ հարամվեց արդեն», - եզրափակեց Գեղամասարի համայնքապետը։

«ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը», - փետրվարի 10-ին արված հրապարակման մեջ նշել էր Թաթոյանը։

Գեղարքունիքի մարզպետարանից խոստացան այս հարցով ավելի ուշ կապ հաստատել 24News-ի հետ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ