Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է Մակունցին վճարել 424.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

տռռեգտեռգ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լիլիթ Մակունցի հայցադիմումը՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ՝ պարտավորեցնելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և հօգուտ Մակունցի բռնագանձել 424.000 ՀՀ դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2020թ դեկտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին: Հայցադիմումը վերաբերում է Իսագուլյանի կողմից արված այն հայտարարություններին, որ հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով։

«Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով: Գոյություն ունի հեղափոխություն, հեղափոխությունից մինչև պատերազմ, պատերազմի ընթացք և հիմա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Փաշինյանն ու իր թիմը թուրքերից ու ադրբեջանցիներից ստացել են 48,000,000.00 (քառասունութ միլիոն) դոլար, սակայն դրանք որևէ հետևանք չունեցան: Այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, ով այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, Նիկոլ Փաշինյանը, նրա կինը Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ՝ այդ թվում Արմենուհի Ղազարյանը, ինչպես նաև Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը: Հենց այդ փողերով արվեց հեղափոխությունը»,- հայտարարել էր Իսագուլյանը: Մեկ այլ ասուլիսում Իսագուլյանը կրկին անդրադարձել է խնդրին՝ հայտարարելով, որ «Մինչ հեղափոխությունը ես հայտարարել եմ, որ հեղափոխության շատ մասնակիցներ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլն, հաճախ մեկնել են Թբիլիսի ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ: Այդ ժամանակ պատիվ եմ ունեցել այդ մասին զեկուցելու երկրի ղեկավարությանն ու ԱԱԾ-ին: Երբ ես հայտարարեցի, որ այդ ընկերները գնում են Թբիլիսի և միլիոններ ներկրում Հայաստան նախապատրաստելով հեղափոխություն, բոլորը տարակուսանքով էին մոտենում իմ հայտարարություններին: Նորից հայտարարում եմ, որ 48 միլիոն դոլարը, որը Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է Ադրբեջանից, եղել է բացարձակ ճշմարտություն: Ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով: Անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է»:

Նշված հայտարարություններից հետո էլ Լիլիթ Մակունցը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի, ինչը մասնակի բավարարվել է։ Դատարանը պարտավորեցրել է Իսագուլյանին համապատասխան լրատվամիջոցներով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, 110.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, նաև 14.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Ըստ դատավճռի՝ Իսագուլյանը մասնավորապես պետք է հերքի «հեղափոխությունը արվել է բացառապես ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Կամոյի Մակունցը, թուրքերից, ադրբեջանցիներից ստացել են ու Հայաստան են ներկրել 48,000,000.00 դոլար» և «հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ Լիլիթ Կամոյի Մակունցը, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ հանդիպելու, նրանցից ստացել են 48,000,000.00 դոլար, որը ներկրել են Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, ինչին Լիլիթ Մակունցը փորձել է ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին» հայտարարությունները:

Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նշված գործով ընդհանրապես տեղեկատվություն չեն ունեցել, հարց է առաջանում՝ ով է ծանուցվել։

«Իմ իմանալով՝ Իսագուլյանը չի ծանուցվել, պարզ չէ ընդհանրապես ով է ծանուցվել իր փոխարեն։ Հաճախ է այդպես լինում, երբ ուղարկում են՝ լրատվականում այլ անձ է ստանում կամ ուղարկում են հարևաններն են ստանում իր փոխարեն, երբ իր հաշվառման հասցեն ընդհանրապես Մասիս քաղաքում է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավճռի դեմ բողոք կներկայացվի՝ առանց պատասխանող կողմի դատական նիստ անցկացնելու հիմքով, գործի նյութերին ծանոթանալուց հետո չի բացառվում, որ նաև բովանդակային առումով բողոք ներկայացվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

--00--ՍԳ