Շուշիի հռչակագիրն ուղղակի-անուղղակի ամրագրել է թուրքական նախապայմանները. Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24 News         

Շահան
 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն իհարկե հավասարը հավասարին հարաբերակցությամբ չեն լինելու։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանին վերաբերող տարածաշրջանային գործընթացների ամբողջ մեխը 2020-ի նոյեմբերի 9-ի հարդադարի համաձայնագրի [եռակողմ հայտարարության] 9-րդ կետն է։ 

«Բնականաբար պարտված, տարածքներ կորցրած վիճակում հայկական կողմի բանակցային դիրքերը թուլացել են։ Վաղուց Թուրքիան և Ադրբեջանը հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում էին արցախյան հակամարտության հանգուցալուծման հետ, որը խոսում էր Թուրքիայի դասական նախապայմաններից առաջինի մասին՝ հայկական զորքերի հեռացումն արցախյան տարածքներից։ Առավել բարդացել են խնդիրները, որովհետև Շուշիի հռչակագիրն ուղղակի-անուղղակի ամրագրել է նախապայմանները, որոնց ավելացվել է «Զանգեզուրյան միջանցքը»։ Եթե ընդունենք Արցախյան հակամարտության հանգուցալուծման և հայ-թուրք հարաբերությունների հաստատման փոխկապակցվածության իրականությունը, ապա Անկարայի շահերից է բխում սահմանը բացելը։ Ըստ էության, միջանցքն, ապաշրջափակումն իմաստ կունենան, եթե Թուրքիան բացի սահմանը, այսինքն՝ Նախիջևանի և Հայաստանի վրայով կապվի Ադրբեջանին, Ադրբեջանով Կենտրոնական Ասիայի թրքախոս, թրքացեղ ժողովուրդներին։ Այսինքն՝ Թուրքիան ինքը կապաշրջափակվի»։

Գանտահարյանի խոսքով՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ «Միջանցքային առումով արտատարածքային հասկացություն է ներառում։ ՀՀ տարածքը տրամադրվում է այլ ուժի վերահսկողությանը, Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգությունը երաշխավորում է ՀՀ-ն։ Այս բաղադրիչը պարզ է դարձնում, որ ՀՀ-ի գերիշխանությունը խնդրո առարկա չի դառնալու։ Ասվում է, որ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը իրականացնելու են ՌԴ սահմանապահ ուժերը։ Երկիմաստ է, չի խոսվում ադրբեջանական վերահսկողության մասին, բայց խոսվում է այլ ուժի մասին։ Այս փոխկապակցվածությունը 2 խնդիր է ստեղծում, եթե նկատեք, գործընթացները գնում են զուգահեռ։ Այսինքն՝ Հայաստանը նախ բացում է Ադրբեջանի առջև օդային տարածք, Թուրքիան հայտարարում է փոխադարձ Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի մասին։ Հայտարարվում է երկաթգծի մասին դեպի Ադրբեջան, նաև Գյումրի-Կարս երկաթգծի մասին։ Գուցե դեկլարատիվ առումով դասական նախապայմանները մղվել են 2-րդ պլան, իսկ առաջինի դեպքում թե՛ Անկարան, թե՛ Բաքուն հայտարարում են, որ Արցախի հարցն անցյալում է»։

Միջազգայնագետն ընդգծեց, որ 2-րդ նախապայմանով ցեղասպանության ճանաչումը, դրան սատար կանգնումը պետք է դուրս բերվեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից. «Անկարան և Երևանը հայտարարում են, որ համաձայնել են առանց նախապայմանների երկխոսության, բայց երբ Անկարան, Բաքուն չեն դադարում միջանցքի մասին խոսելուց ու ստրագրում են Շուշիի հռչակագիրը, մեծ տարակուսանք է առաջացնում։ Հայ-թուրքական հարաբերությունների մասով եթե հիշենք Ցյուրիխյան արձանագրությունները, կարծես թե, միջազգային ընտանիքի կողմից համակարգված համաձայնություն կար։ Այնտեղ տարբեր էին մոտեցումները, ապաշրջափակման հարցում օրինակ՝ Ռուսաստանն ընկալում էր նաև Վրաստանի ճանապարհի առանձաշնորհյալ դերը շրջափակված Հայաստանի համար»։

Ըստ «Ազդակի» գլխավոր խմբագրի՝ Միացյալ Նահանգների համար գուցե ապաշրջափակում է իրանյան ճանապարհի փոխարեն հայ-թուրքական բաց սահմանը, որը գուցե առաջադրանք էր հենց ԱՄՆ-ի համար։

Ըստ նրա՝ Եվրոպայի համար եվրոպական վերջին փակ սահմանի բացումն ուրիշ եվրոպական քաղաքական արժեչափերի նշված կետ էր հայտարարված բազմիցս։ «Այստեղ հավաքված միջազգային ընտանիքից թեև ամենախանդավառը երևում էր Վաշինգտոնը։ Կարևոր աշխարհաքաղաքական փոփոխություններ են, ստատուս քվո է փոխվել, Թուրքիան ներկայություն ունի Հարավային Կովկասում։ Մոսկվան, Վաշինգտոնը ողջունեցին, նաև Բրյուսելը որոշակի առումով ողջունեց հայ-թուրքական երկխոսությունը, բայց երկար ճանապարհ կա։ Շատ բան կախյալ է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ելևէջներից։ Բայց ավելի շատ, որ Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը որոշակի փոփոխությունների է ենթարկվում և՛ Ղազախստանում, և՛ Ուկրաինայում, նաև Սիրիայում։ Հարավային Կովկասում թերևս տեսանելի չէ շահերի հակադրման երևույթը, բայց նշածս երկրներում արդեն տարբեր դիրքորոշումներ ունի Միացյալ Նահանգները։ Երկխոսությունը կարող է պահպանվել, այսինքն՝ հանդիպեն, զրուցեն, բայց կոնկրետ գործողությունները ե՞րբ են լինելու, դժվար է նախատեսել, քանի որ դրանք կախյալ են նշածս գործոնների հետ։ Անկարայի հարաբերակցությամբ, իհարկե, եթե շահերը համընկնեն, գործընթացը կարող է արագանալ, եթե շահերի բախում լինի, ինչը սկսել է տարբեր աշխարհագրական միջավայրերում, դա կարող է որոշակի արգելակիչ լինել», - եզրափակեց Շահան Գանտահարյանը։

--00—ՄՀ