Չեռնոբիլի ատոմակայանը վերցված է ռուսական հսկողության տակ, որ այնտեղից որևէ ռադիոակտիվ նյութ չվերցնեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

աշխարհ

Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ օպերացիան նշակում էր «հերիք եղավ, դանակը հասավ ոսկորին։ Այս մասին 24News-ին ասաց Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի «Միասնական Ռուսաստան» խմբակցության հայազգի պատգամավոր, Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասի տարածաշրջանում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Մարտոյանը նշեց, որ 8 տարի շարունակ Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների բնակիչներին Ուկրաինան ռմբակոծում, նվաստացնում էր, շրջափակման մեջ էր պահում ջուրը, լույսը, գազը և այլն։ «Մեր պրեզիդենտն ասաց՝ «հերի՛ք ա խաղ անեք իմ ազգի հետ, ՆԱՏՕ, Ամերիկա, Թուրքիա կլինեն, փորձեք ծպտուն հանել, լեզուներդ կկտրեմ», ու վերջ, ասեց ու արեց։ Որտե՞ղ է վերջանում Ուկրաինան Արևմուտքի մոտ, երևի այդտեղ էլ կավարտվի օպերացիան, որպեսզի ընդհանրապես Ուկրաինան դեմիլիտարիզացվի, դենացիֆիկացվի։ Այսինքն՝ բոլոր ֆաշիստական մտքերն ու լոզունգները, որ հիմա ծածանվում են ուկրաինական երկնքում՝ «պետք է ոչնչացնել Ղրիմի, Դոնբասի ժողովուրդներին, մեզ պետք են միայն հողերը», մոտալուտ 100-200 տարիների ընթացքում էլ չլինեն», - նշեց նա։

Մարտոյանն ասաց, որ ռուսական ուժերը Ուկրաինայի կողմից կիրառվող թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը ճանճի պես գցում են գետնին, կամ չեն էլ թողնում օդ բարձրացնել, բազաները թիրախային հարվածներով ոչնչացվում են։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ «Զելենսիկին չարաճճի կատվի ձագի է նման։ Մի կողմից գլուխը կախ ա քցում, մյուս կողմից ճանկերը սրած ուզում է չանչ քցի։ Մի աչքով նայում է, թե Բայդենը ինչ պիտի ասի, Բայդենն էլ ասում է․ «շառդ քաշի, մեզնից հեռու մնա»», - ասաց Արմեն Մարտոյանը։

Մարտոյանի խոսքերով՝ Ռուսաստանի հիմնական նպատակն է առանձնացնել Դոնեցկի ու Լուգանսկի այն հատվածները, որոնք դեռևս մինչև ռազմական գործողությունները ուկրաինական վերահսկողության տակ էին ու ՌԴ-ի ու ժողովրդական հանրապետությունների կողմից որպես պետական սահմաններ էին ճանաչվել։ 

«Համոզված եմ, որ ուրիշ տարածքներ էլ ցանկություն կհայտնեն առանձնանալ, ըստ ինձ՝ Խերսոնը, Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն, մեկ էլ տեսար՝ Կիևը։ Նպատակը նաև այն է, որպեսզի դեմիլիտարիզավի Ուկրաինան։ Եթե Սադամ Հուսեյնը ժամանակին փորձեր Զելենսկու պես ասեր, որ ատոմային ռումբ կստեղծեն, ապա Հուսեյնին ոչ թե մի քանի տարի հետո, այլ հենց նույն օրը կձարբակալեին։ Հիմա որ արդեն Չեռնոբիլի ատոմակայանը վերցված է ռուսական հսկողության տակ, որ այնտեղից որևէ ռադիոակտիվ նյութ չվերցնեն վերամշակման համար, և մյուս կետերը, որտեղից որ հնարավոր լինի նյութեր ձեռք բերել ատոմային զենք պատրաստելու համար», - ընդգծեց Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավարը։

Մարտոյանը, որը մասնակցել էր 2014 թվականի ռազմական գործողություններին, նշեց, որ այն ժամանակ իրենք պաշտպանում էին հողերը հրաձգային զենքերով, իսկ Ուկրաինան կռվում էր այսօրվա նույն զինտեխնիկայով՝ ինքնաթիռներով, հրետանային ինքնագնաց կայանքներով, ռեակտիվ արկերով, տանկերով։ «Այսօր արդեն ուրիշ է դրությունը։ Արդեն Ռուսաստանի Դաշնությունն է պաշտպանում այս ամբողջը, ու պատկերը հակառակն է», - եզրափակեց նա։

--00--ԿԿ