Վրաստանում անցկացվում է ավելցուկային աղի վերաբերյալ իրազեկման շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

աղ

Վրաստանում «Եկեք փոխենք սովորությունը» կարգախոսով անցկացվում է ավելցուկային աղի վերաբերյալ իրազեկման շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նախատեսված են իրազեկման մի շարք միջոցառումներ: Նշվում է, որ աղի չափից շատ օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը և հանգեցնել ինֆարկտի կամ ինսուլտի: Այս բարդությունները կարելի է կանխել՝ հրաժարվելով շատ աղ օգտագործելուց։

Վրաստանում աղի սպառման մասին հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների 47.8 տոկոսն աղ է ավելացնում արդեն պատրաստի սննդին, 10 տոկոսն՝ առանց նախապես համտեսելու: Հարցվածների մեկ երրորդը հաճախ դիմում է արագ սննդի ծառայություններին:
 
«Կարևոր է, որ բոլորս միասին հասկանանք աղի ավելորդ սպառման բացասական ազդեցությունը մեր առողջության վրա եւ փոխենք մեզ վնասող սովորությունը: Հատկապես, որ դա այդքան էլ դժվար չէ»-ասված է հաղորդագրությունում:

--00—ՄՀ