Աշխարհը գնաճի աննախադեպ բարձր փուլում է, Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

նիկոլ

Կառավարության նիտի ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում բարդացող սոցիալական վիճակին:

«Պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել ցանկացած պահի՝ նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,-ասել է նա: 

Վարչապետը նաև ընդգծել է, որ հասկանում է՝ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացվի, և որ դա արվում է այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն:

«Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում»,-ասել է նա: 

Փաշինյանն անդրադարձել է նաև այս թեմայի շրջանակում եղած շահարկումներին ու երբեմն հնչող քննադատություններին, թե իշխանությունը բարձրացնում է իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չի բարձրացնում ու դեռ չի բարձրացնում կենսաթոշակները:

«Այո՛, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 հազար հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 հազար հոգու թոշակը: Կամ 600 հազար հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար»,-ասել է նա: 

Ըստ Փաշինյանի՝ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրանում են հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում:

«Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,-ասել է նա: 

--00—ԼՄ