ԱԻ նախարար Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այս մասին 24News-ին ասաց ԱԻ նախարարի փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, երեկ Անդրանիկ Փիլոյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Սարգսյանն ասաց, որ ստացել է դատարանի որոշումը, սակայն հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ իր պաշտպանյալի գործով։ Փաստաբանը նաև ասաց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք ԱԻ նախարարի կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավեկ հայտնի է «ԱԱԾ պադվալ» անվանումով։ «Ես հիմա Երևանից հեռու եմ, պետք է գամ, քննիչին հանդիպեմ», - նշեց նա։

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ եղադրանք է առաջադրվել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ «Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ», - նշվում էր հաղորդագրության մեջ:

Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ):

--00--ԿԿ