Ի՞նչ իրավիճակ է Քարագլխի հարևանությամբ գտնվող Սարդարաշենում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

հասարակական

Արցախի Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի հողերի նկատմամբ ադրբեջանական ուժերի կողմից դիտարկելի լինելու հանգամանքն ի հայտ է եկել դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Այս մասին 24News-ին պարզաբանեց Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանը։

Երեկ 24News-ը գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերը բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ։ 

«Գյուղին պատկանող Խաչենի հովիտից մոտ 100 հեկտար հող մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, 3 հա մակերեսով մի հողակտոր էլ ադրբեջանական դիտարկման տակ է, հնարավոր չէ մշակել, գյուղից էլ ադրբեջանցիները մոտ 3 կիլոմետր են հեռու», - երեկ ասել էր Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Սարդարաշենի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի տեղակայմանը, ապա Հակոբյանի խոսքերով՝ այդ իրավիճակն առկա է դեռևս 2020 թվականից։ «Թմբի վրա կուտակումներն էլ մեկ շատանում են, մեկ՝ քչանում։ Գյուղը թմբի հետևն է, ամբողջ գյուղը չի դիտարկվում։ Բայց հողեր կան, որ ադրբեջանցիները տեսնում են, կարող են կրակել», - 24News-ին երեկ ասել էր Հայկ Հակոբյանը։

24News-ի հրապարակմանը երեկ անդրադարձել էր նաև Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ գյուղապետի` 24News.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ», - նշել էր ԱՏՇ-ն։