Փառուխի մերձակա Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներում ադրբեջանական դիրքերը դեռևս մնում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Արցախ

Ասկերանի շրջան ներխուժած ադրբեջանական զինուժը ոչ ամբողջությամբ է վերադարձել ելման դիրքեր։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Մեր պահանջը եղել է, որ բոլորն անխտիր ելման դիրքեր գնան, բոլորը չեն վերադարձել, այդ է իրավիճակը», - նշեց Ավանեսյանը։

Այսօր ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 12։28-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ «Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ  ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են», - նշվում էր հաղորդագրության մեջ:

Ավանեսյանը հստակեցրեց, որ եթե Փառուխում հիմա ռուսական խաղաղապահներն են, ապա Փառուխի մերձակա Քարագլուխ բարձունքի որոշ հատվածներում ադրբեջանական դիրքերը դեռևս մնում են։ «Արցախյան կողմի պահանջն արտացոլում է անվտանգության խորհրդում ձևակերպված նամակի դրույթների մի մասը, ինչպես նաև խաղաղապահների արած հայտարարության մեջ խոսքը գնում էր բոլորի՝ ելման դիրքերի տեղափոխվելու մասին»։

Լուսինե Ավանեսյանն ասաց, որ ռուսական կողմն ադրբեջանական կողմի հետ դեռևս շարունակում է ելման դիրքերի վերադառնալու շուրջ բանակցությունները։ «Մենք հույս ունենք, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի», - եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երեկ հրապարակված բյուլետենի մեջ նշվում էր, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ իր տարածած հայտարարության մեջ «ափսոսանքով» նշել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մաս կազմող Ֆարրուխ [գյուղի ադրբեջանական անվանումն է] գյուղում և հարակից բարձունքներում ադրբեջանական բանակի դիրքերում փոփոխություններ չեն եղել»։

Մարտի 24-ին Փառուխն անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի էին գրավել այն։ Գյուղի ողջ բնակչությունը շարունակում է մոտակա գյուղերում մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ 1 կիլոմետր էին հեռու գյուղից։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի․ այնտեղի մի հովտից երևում են բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։

--00--ԿԿ