134 տարվա պատմամշակութային շենքը չի լինի, եթե Լեո 12-ում գտնվող պատը քանդեն. ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Լեո 12 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ կառուցապատողը պատրաստվում է քանդել նույն հասցեում գտնվող պատը, որպեսզի մուտք ու ելք ապահովի հարևանությամբ կառուցվող հյուրանոցի համար: 

Բնակիչների խոսքով՝ իրենց տեղեկացրել են, որ հյուրանոցի համար մուտք են կառուցում՝ տնտեսական ապրանքների տեղափոխման համար, ինչը շենքի բակում մեծ շարժ է առաջացնելու և վտանգավոր է լինելու երեխաների համար:

«40 բնակարանի բնակչի արհամարհում են, քանդում են Լեո 12-ի բակի պատը, հյուրանոցին են ուզում միացնեն, որ ոտքի տակ դարձեն, այստեղ երեխաներ են խաղում, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Մի մարդու պես ոտքի ենք կանգնել, չենք թողնի Լեո 12-ում գտնվող պատը քանդեն՝ միացնեն  հյուրանոցին: Շինարարական աշխատանքների պատճառով հարևանությամբ գտնվող 134 տարվա պատմամշակութային շենքը քանդվելու է, արդեն մեծ ճաքեր է առաջացել, չպետք է թույլ տալ»,- 24News-ին ասաց բնակիչ Վարդան Հովսեփյանը:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ