Վեհափառի դատախազ եղբորորդին կմնա կալանքի տակ. կալանավորումը 2 ամսով երկարացնելու որոշումը բավարարվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

1

Վեհափառի եղբորորդին՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Կորյուն Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեl 1 Ներսիսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Ըստ աղբյուրի՝ կալանավորման միակ հիմքը, որը մատնանշվել էր քննիչի, ապա՝ արձանագրվել դատարանի կողմից, նախաքննության ընթացքին միջամտելն է։

«Նմանատիպ աբսուրդ դատողություններով աբսուրդ որոշում՝ վերջին ժամանակահատվածում չեմ տեսել, որովհետև, ըստ էության, նախորդ միջնորդության քննության ժամանակ դատավորն ամեն դեպքում վտանգ տեսել է հնարավոր խոչընդոտման՝ հաշվի առնելով, որ պարոն Ներսիսյանը համայնքի դատախազի տեղակալ է եղել, տարիներ շարունակ դատախազությունում է աշխատել, սակայն քննիչը չի հարցաքննել կոնկրետ այն անձանց, որոնք դատարանի մոտ մտավախություն են առաջացրել։ Գնացել է Ստեփանավանի գյուղերից մեկը՝ հարցաքննել, ինչը նախաքննության տվյալ փուլում անիմաստ էր։ Այն, որ քննիչն իր ուղղությունն է տալիս, դա ընդունելի է, բայց եթե դատարանն արձանագրել է հստակ վտանգներ, պետք է հաշվի առնել նաև անձի ազատության իրավունքը։ Անձի ազատությունը սահմանափակվել է խոչընդոտման հիմքով, բայց չեն կատարում անհրաժեշտ գործողությունները՝ վտանգը չեզոքացնելու համար, մի հատ էլ եկել ես դատարանում՝ նորից նույն հիմքերով, նույն պատճառաբանություններով, դատարանն էլ՝ աչքերը փակ ընդունում է և երկու ամսով երկարացնում կալանքը»,- նշեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Կորյուն Ներսիսյանի մասնակցությամբ գործողություններին, ապա պաշտպանը նշեց, որ առաջին իսկ օրվանից, երբ Կորյուն Ներսիսյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ ինքը որևէ մեկի հետ երբևէ կաշառք վերցնելու, կաշառք ստանալու, կաշառք պահանջելու համաձայնություն ձեռք չի բերել, միջնորդել և պահանջել է նաև՝ իրեն առերես հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն առ այս պահը որևէ առերեսում չի կազմակերպվել, ինչից պաշտպանության կողմը ողջամտորեն ենթադրում է, որ որևէ ցուցմունք չկա Ներսիսյանի դեմ։ Պաշտպանները նույնպես միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով ապահովել Ներսիսյանի հակընդդեմ հարցման իրավունքը, սակայն մինչ օրս Ներսիսյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, միայն մեկ գործողություն է տեղի ունեցել՝ մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքին։

«Հեղինակությունը մարդու հետ չի ծնվում, այլ ձեռք է բերվում մարդու՝ որպես նորմալ մարդ ապրած կյանքի ընթացքում և ցավալի է, որ մարդու վաստակած հեղինակությունն այսօր բացասաբար է մեկնաբանվում և դրվում է կալանքի հիմքում»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով.

«Մարդուն մեղսագրվում է, որ իբր թե ապօրինի փորձել է միջամտել դատարանում քննվող գործի վրա։ Մեր դատավորը, չգիտեմ, թե փայլուն միտքն իր մոտ ինչպես է առաջացել, անձին մեղսագրվածը դնում է կալանավորման որոշման հիմքում՝ նշելով, որ, եթե այն ժամանակ անձը ցանկացել է միջամտել մեկ այլ գործի դատաքննությանը, հետևաբար, այստեղ էլ կխոչընդոտի։ Նման աբսուրդ, ապուշություն ես առաջին անգամ եմ լսում»։

Կորյուն Ներսիսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է իրականացված ՕՀՄ արդյունքները, համաձայն որի՝ 2022 թ․ հունվարի 16-ին Ներսիսյանը հանդիպել է X անձի հետ և ձեռք է բերել կաշառքի համաձայնություն, մինչդեռ պաշտպանության կողմի գնահատմամբ՝ խոսակցության մեջ որևէ խոսք չի գնում կաշառքի համաձայնության մասին։

«Ասում են՝ մայիսի 19-ին Կորյուն Ներսիսյանը X վայրում X անձից անձամբ ստացել է 2 մլն դրամ կաշառք՝ օպերատիվ մարմինների վերահսկողության ներքո։ Եթե օպերատիվ մարմինների վերահսկողության ներքո Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալն անձամբ 2 մլն դրամ է ստանում, այդ օպերատիվ մարմինների ձեռքը ով էր բռնել, որ մտնեին, տեղում կաշառք տվողին, կաշառք վերցնողին, կաշառքի առարկա հանդիսացող գումարը վերցնեին, բերման ենթարկեին։ Դրա պատասխանները չունեն»,- նշեց փաստաբանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը 2022 թ․ հունիսին հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․ Դ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ․ Գ-ի և Ն․ Ա-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․ Դ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք։

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: ՀԿԿ-ից հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ.-ին Կ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին և Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Տեսանյութեր