ՊՆ նոր նախագծով բանակը հիմնավորապես բանվորագյուղացիական է դառնալու. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Սեյրան Օհանյան դատախազություն

Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի մի կետն արդեն իսկ բացասական մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

ՊՆ-ն, ի թիվս այլնի, առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը պաշտպանական գերատեսչությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ անձամբ այս կետին դեմ է. «Խորն ուսումնասիրելուց հետո մենք մեր տեսակետը կհայտնենք»։

«Բայց այս պահին կասեմ հետեւյալը՝ քանի որ բավականին բարդ անվտանգային միջավայրում ենք, դեռեւս վերջնականապես չեն վերացել արտաքին, ներքին սպառնալիքները, դեռեւս չի անցկացվել պաշտպանական, ռազմավարական վերանայում, նաեւ վերջնական տեսքի չեն բերվել զինված ուժերի բարեփոխումները կամ զարգացման պլանը։ Հանրության մոտ չեն փարատվել սեփական կասկածները բանակի վերականգման վերաբերյալ  պատերազմից հետո, մանավանդ ադրբեջանական վերջին սադրանքներից հետո, գտնում եմ, որ այսպիսի հարցեր քննարկելը ժամանակավրեպ է։ Այդ հարթակում եմ դիտում նաեւ, որ նախկինում նշված էր՝ «ծառայության ժամկետը դարձնել 2 տարուց 1,5 տարի»։ Սրանք պոպուլիստական քայլեր են, ուղղված են այս կամ այն անձի նեղ անձնական շահերի բավարարման համար և որեւէ արդյունք չեն տալու», - ընդգծեց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարը չի կարծում, թե լինելու են այնքան քանակությամբ մարդիկ, որոնք որ մեծ գումար կտան և կազատվեն բանակից. «Ա՝ բանակից ազատվելու են ունեւոր մարդիկ։ Ես դեմ չեմ մարդկանց, որոնք զբաղվում են բիզնեսով, գործարարությամբ, կուտակել են գումարներ, և որոնց հարկերի շնորհիվ է, որ մենք փորձում ենք զարգանալ։ Այս նախագծով բանակը, ինչպես ասում են, բանվորագյուղացիական բանակ է հիմնավորապես դառնալու։ Եվ Բ՝ հայրենասիրության մակարդակը, սոցիալական արդարությունն ավելի անկում են ապրելու, որովհետեւ այդ ժամանակահատվածում այդպիսի քայլերն իրականացնելն անընդունելի է»։ 

Նրա կարծիքով՝ պետությունը պետք է այսօր լուրջ քայլեր ձեռնարկի ոչ միայն բանակի վերականգման, այլեւ հայրենասիրության ամրապնդման ուղղությամբ. «Մեր հայրենակիցների մի մասն այս ամենին վերաբերվում է կենցաղային, ոչ թե պայքարելու, հայրենիքի համար կյանքը զոհելու մակարդակով։ Հիմա երկրի ղեկավարությանը փոխանակ երկրի անվտանգությունն ամրապնդի, բանակն արագ տեմպերով վերականգնի, ապահովի ժողովրդի միասնությունը, հայրենասիրության մակարդակը բարձրացնի, պոպուլիստական քայլեր է անում։ Այս ամեն հաշիվ առնելով՝ մտածում եմ, որ փորձում են բանակը վերջնականապես կազմաքանդել»։

«Սա անհաջողությունների այն շարքից է, որ երկիրը տարան պատերազմի, պատերազմում ոչինչ չարեցին հաղթելու համար։ Եվ հիմա էլ բոլոր սահմանների դռները, թե՛ դիվանագիտական հարաբերությունների մակարդակ, թե՛ մեր անկախության, ինքնիշխանության մակարդակի դռները, ռուսերեն ասած, շվեցարի նման բացում են բոլորի դիմաց։ Ղեկավարությունը շվեցարի նման է գործում։ Բայց երկիրն այս աղետալի վիճակում հասցնելուն զուգահեռ, աշխատասենյակներում, տարբեր վայրերում չեն մոռանում իրենց հանգիստը վայելել, պարգեւավճարների մասին չեն մոռանում։ Միլիոնավոր պրոբլեմներ ունենք, բայց իրենք իրենց համար վայելում են բյուջեի ոչ արդյունավետ բաշխմամբ և հատկապես պարգեւավճարների դեպքում, որոնց արժանի չեն։ Չկա ոչ մի արդյունավետություն, մենք էլ ԱԺ-ում աշխատել ենք, և մենք էլ գտել ենք, որ արժանի չենք և այդ պարգեւավճարները հետ ենք հանձնել», - եզրափակեց Օհանյանը։

--00--ԱՀ