Ոչ ոք բանակի համար փողոցում որևէ բան չի հավաքում. եթե էդքան կան, թող ապացուցեն, որ քլունգի կարիք չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սա

Իշխանությունների նպատակն է, որ հասարակությունը տեղեկացված չլինի, թե ինչի կարիք կա բանակում։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանը, ով երկար ժամանակ զբաղվում է բանակի հարցերով։

Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր բանակի կարիքների համար հավաքագրումներին։ «Էդ ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բան են հավաքում։ Ես հանձնարարել եմ, որ հասկանանք՝ ո՞ւմ համար են հավաքում», - ասել էր նա։

Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ իշխանությունների՝ բանակի համար պարագաներ չհավաքելու կոչերն ուղղակի պաշտպանության նախարարության հեղինակությունը բարձրացնելու կամ պահպանելու համար են։ Այսօր էլ ՊՆ-ն էր մամուլի հաղորդագրություն տարածել այս առիթով։ «Հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են», - նշել էր պաշտպանական գերատեսչությունը։

Հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանի խոսքերով՝ որքան շատ ես հարցնում, օգնում, այնքան շատ ես տեղեկանում, թե բանակում ինչի կարիք կա։ «Հիմնականում կենցաղային իրերի կարիք է լինում՝ բահեր, քլունգներ, քողարկիչ ցանցեր և այլն։ Փողոցներում չեն հավաքում, որոշակի հաստատությունների շուրջ կազմակերպված ինչ-որ բաների հավաք կազմակերպում են հիմնականում ուսանողները։ Ուսանողները շատ կազմակերպված, ոգևորված ցանկանում են ինչ-որ չափով դառնալ պիտանի, օգնական բանակին և առաջնագծի տղաներին։ Օրեր առաջ ռազմական ոստիկանությունը խիստ զգուշացրել էր Բրյուսովի ուսանողներին, որ եթե շարունակեն հավաքել, ապա ձերբակալումներ կլինեն։ Ամենասխալ քայլն է փորձել կասեցնել ուսանողների ինքնակազմակերպումը, որովհետեւ միշտ պետք է պատրաստ լինես», - ընդգծեց նա։

ՊՆ-ն այսօրվա հաղորդագրության մեջ նաեւ նշել էր, ամեն հավաքագրման դեպքի վերաբերյալ «իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»։

Հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ 2020 թվականին ՊՆ-ն պարտավոր էր լուծած լինել ամեն հարց, սակայն հանրությունն ականատես եղավ, որ նույնիսկ զրահաբաճկոնի խնդիր կար. «Նույն իրավիճակը հիմա է։ Ես մի անգամ դիմել եմ ՊՆ, ասել եմ՝ այս կամ այն տեղ ինչ-որ բանի կարիք կա, որ ապրանքները հասցնեն։ Եւ իմանալով, որ միշտ բանակին աջակցելու ծրագրեր եմ արել, ինձ անձամբ դիմում են, տեղեկացնում եմ ՊՆ-ին, սակայն միշտ չէ, որ այդ հարցերը լուծվում են, տարբեր պատճառաբանությամբ՝ «նպատակահարմար չգտանք», «իրենց դա պետք չէր», «կամ արդեն տարել են» և այլն։ Բայց որ ասեմ՝ ինչ որ հարց ամբողջական լուծվել է, ոչ»։

Հովսեփյանի խոսքերով՝ որեւէ մեկը փողոցում չի հավաքում որեւէ բան։ «Եթե էդքան կան, թող հայտնաբերեն։ Եվ եթե էդքան կան, թող ապացուցեն, որ բանակը բահի, քլունգի և այլ բաների կարիք չունի։ Բանակը դրանց կարիքը չէր ունենա, եթե հասցրած լինեին ժամանակին։ Գոնե տարածքներում լինեին փոքր տեխնիկաներ, իսկ այսօր ադրբեջանցիներն առաջ են եկել, արդեն նոր խրամուղիներ են փորվում։ Եւ զինվորները դրա համար, ցավոք, չունեն տեխնիկա։ Եւ փոխանակ այդ հարցով զբաղվեն, և անգամ լուռ աջակցողներին շնորհակալություն հայտնեն, փորձում են վախեցնել կամ զսպօղակ լինել, որը կարող է լինել ճակատագրական։ Արդեն իսկ օրեր առաջ էլ տեսանք ինչ հետեւանք ունեցավ իշխանությունների անփութությունը էլի զոհեր», - եզրափակեց հասարակական գործիչը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԻԴ