Դատարանի որոշմամբ՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

                  

կ

Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը օգոստոսի 19-ին կիսաբաց ռեժիմից տեղափոխվել է ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ՝ բաց ռեժիմ։ Այս մասին 24News-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Իսկ թե ո՞րն է դատարանի որոշման հիմնավորումը, Նավիկյանը չասաց՝ խնդրելով հավելյալ հարցերի դեպքում դիմել դատարան։

Հարցին՝ դատարանի որոշման դեմ առարկություն ներկայացրե՞լ է ՔԾ-ն կամ Պրոբացիոն ծառայությունը, Նավիկյանը պատասխանեց, որ ոչ։

Մհեր Ենոքյանին և նրա եղբոր դասընկերոջը՝ Արամ Հարությունյանին, մեղադրանք էր առաջադրվել 1996 թվականին Երևանի բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ 1996 թվականի հուլիսի 12-ին Ենոքյանը, համաձայնության գալով Հարությունյանի հետ, Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու նպատակով Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան ու սպանել։

Դատաքննության ընթացքում Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Արամ Հարությունյանն ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Ենոքյանը 1996 թ-ին դատապարտվել էր մահապատժի, սակայն ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրի համաձայն՝ պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Նշված հարցի շուրջ փորձեցինք խոսել նաև Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի հետ, բայց վերջինս հրաժարվեց խոսել։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ