Երևանի քաղաքապետից լսեցի այն՝ ինչ ուզում էի լսել մեր տների սեփականաշնորհման մասին․ ակցիայի մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում մեզ առաջարկեցին ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի մեր ներկայացրած հարցերով, հանդիպումները լինելու են շարունակական, խնդիրներին հերթով անդրադառնալու են։ Այս մասին նշեց Հաղթանակ թաղամասի բնակիչ Գեղամ Վլասյանը՝ անդրադառնալով քաղաքապետի հետ կայացած հանդիպման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին։

Այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի առջև՝ պահանջելով քաղաքային իշխանություններից՝ չխոչընդոտել և սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց տները։

«Մենք ասացինք՝ հապաղումների արդյունքում է, որ փոխվստահությունը կորել է և այդ պատճառով էլ եկել-հասել ենք այստեղ, բայց մեզ ցույց էին տալիս, որ խնդրին քաջատեղյակ են», - ընգծեց բնակիչը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, հաղթանակցիների այն մտավախությունները, որ կարող են իրենց ձեռքից վերցնել հողերը, չեն ցրվել։

«Մեր թաղամասում աշխատանքային խումբը վաղուց ձևավորվել է, երեք օրը մեկ մենք հանդիպում ենք և այս հարցերը քննարկում, այս ակցիան ևս այդ խմբի կողմից է կազմակերպվել։ Երևանի քաղաքապետարանի և մեր միջև կապը ապահովողը կլինի Մալաթիայի վարչական շրջանի ղեկավարը»- հանդիպման մանրամասները ամփոփեց Հաղթանակ թաղամասի բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ