ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News  

փ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հոկտեմբերի 6-ին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ին ասաց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Փիլոյանն ազատ է արձակվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի որոշմամբ։ «Դատարանը գտել է, որ նա կարող է նման պայմաններում պատշաճ վարքագիծ դրսևորել։ Ամեն մեկն իր մոտեցումն է ցույց տալիս։ Ամեն դեպքում, նախաքննությունն ավարտվել է, գուցե դա էլ նշանակություն ունի», - հավելեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է նախկին նախարարի առողջական վիճակին, ապա Սարգսյանն ասաց, որ Փիլոյանը «շատ ամուր մարդ է, իսկական մարտական գեներալ»։ 

2022 թվականի մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ
Փիլոյանը ԱԻ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ ստացել է խոշոր չափի կաշառք:

Նա ու ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ՝ կասկածյալի կարգավիճակ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝  նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Բացի այդ, նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու դիմաց։

 

 Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ