Զարեհ Սինանյանը մասնակցել է «Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

«Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումը տեղի ունեցավ Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ, հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Եվրոպայի հայերի միության համայնքային կառույցներից երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից և Բուլղարիայից մասնակցություն ունեցան ֆորումին:

Ֆորումին ներկա էին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը և տարբեր երկրներից ժամանած գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ Եվրոպայի հայերի միության առաջին պաշտոնական ֆորումը կարևոր հարթակ կդառնա և կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց պետության կողմից իրականցվող ծրագրերը և նշեց, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն Հայաստանում զարգացնել իրենց բիզնեսը:

Բացի այդ, երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացումը Եվրոպայի ներդրողների ներգրավմամբ ՏՏ ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Հայաստան-ԵՄ տնտեսական, գիտական և մշակութային սերտ կապերի հաստատմանը նվիրված հարցերը և Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերականգնումը:

Ֆորումի ընթացքում պատասխան տրվեցին կարևոր հարցերի՝ կապված առողջապահության, գյուղատնտեսության, տնտեսության և այլ ոլորտներում համատեղ ձեռնարկություններին առնչվող խնդիրների հետ:

Երեկոյան գլխավոր հանձնակատարը մասնակցել է բարեգործական ճաշկերույթի, կազմակերպվել է նաև բուլղար հայտնի նկարիչների և հայկական զարդանախշերով աշխատանքների բարեգործական աճուրդ, որից ստացված ողջ գումարը կհատկացվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաներին: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների և Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։

--00--ԱՀ