ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
«Իրավունք» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է ինչ հայաստանյան մամուլում տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, թե իբր Իրանը պատրաստ է Հայաստանին զենք մատակարարել: Նման թեզ են առաջ քաշում նաեւ որոշ քաղաքական գործիչներ: Իրականությունը, սակայն, լրիվ հակառակն է: Նոր լուրերի վերաբերյալ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով դիմել ենք հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանին, ով նախ փաստեց.
—Հայաստանի ժողովրդի անվտանգությունը նույնն է, ինչ Իրանի ժողովրդի անվտանգությունը, եւ Թեհրանը կտրականապես դեմ է սահմանների եւ աշխարհաքաղաքականության փոփոխությանը: Բայց իրականությանը չեն համապատասխանում վերջերս որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Իրանից Հայաստան զենք է ուղարկվում կամ ուղարկվելու: Այդ լուրերը շրջանառվում են կովկասյան տարածաշրջանում լարվածություն եւ անապահովություն ստեղծելու նպատակով: Իրանը դեմ է պատերազմին եւ կարեւորում է երկրների տարածքային ամբողջականության պահպանումը:
— Օրերս Իրանը Կապանում հյուպատոսություն բացեց, եւ ակնհայտ է, որ դրա իմաստը պետք է քաղաքական հարթությունում փնտրել: Այդպե՞ս է:
— Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նշանակում է, որ Թեհրանը թույլ չի տա երրորդ երկրներին եւ սիոնիստական ռեժիմին ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
--00--ԱՀ