Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում. ռուսական կողմը չի բացառում ընդհանուր ասուլիս 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ երկուշաբթի՝ կեսօրից հետո, Սոչիում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես նախօրոք հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, մինչև եռակողմ հանդիպումը նախատեսվում է Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ, որին արդեն կհետևի երեք երկրների ղեկավարների միասնական քննարկումը։ 

Նկատենք, որ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ռուսական կողմը չի բացառում հանդիպման արդյունքներով Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միասնական մամուլի ասուլիսը, եթե, իհարկե, Մոսկվայի նախաձեռնած բանակցությունները հաջող ընթանան։ 

Նկատենք, որ ռուսական կառավարող շրջանակներին մոտ «Милитарист» տելեգրամյան ալիքը կիրակի երեկոյան հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Մոսկվան պատրաստվում է Բաքվի և Երևանի հետ 15 կետանոց նոր հայտարարություն ստորագրել, որի վերջին կետը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։ Ըստ նույն աղբյուրի՝ Բաքուն կտրուկ դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը, սակայն հայտնի չէ, թե ինչպես կընթանան բուն բանակցությունները։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել ռուսական կողմի առաջարկների փաթեթը, որը, ամենայն հավանականությամբ, ի տարբերություն արևմտյան առաջարկների, Արցախի կարգավիճակի հարցը բաց է թողնում՝ այն նախատեսելով քննարկել ապագայում։

--00—ԼՄ