Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. 1 շաբաթում հայտնաբերվել է 2908 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ճո

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 24-ից 31-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2908 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 39 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։

Ի դեպ, համարանիշեր չունեցող տրանսպորտային միջոցներից 2-ի վարորդները չեն ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, 2 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00--ԱՀ