Վովա Գասպարյանի դուստրն ու փեսան հրավիրվել են դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ը

ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Աննա Գասպարյանը և նրա ամուսինը՝ Արթուր Գևորգյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին թեթևքաշային բռնցքամարտիկ, Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանին առաջարկվել է ներկայանալ նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, իսկ Աննա Գասպարյանին՝ ժամը 16:00-ին։ Գևորգյանին ուղղված ծանուցագրում, ի թիվս այլնի, նշվում է, որ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:

Նախկին պատգամավորի կնոջն ուղղված ծանուցագրում նշված է, որ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արթուր Սամվելի Գևորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։

2020-ի ապրիլի 9-ին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, հայտարարվել հետախուզում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ