ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ փոխնախագահի պաշտոնում Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1099771.jpg

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում հավանություն տվեց Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նուրբեկյանի թեկնածությունը ներկայացրել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

 Նուրբեկյանի թեկնածության և Ազգային ժողովում այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտնեց, որ թափուր տեղի համար ԱԺ խմբակցություններն իրավունք ունեին առաջարկներ ներկայացնելու, բայց առաջադրվել է մեկ թեկնածու, ՔՊ-ի կողմից ներկայացվել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը:  Թեկնածուին ներկայացրեց Գևորգ Պապոյանը: 

Նուրբեկյանը 2020 թվականից զբաղեցնում է ԿԲ-ի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները:

Թեկնածուն առավել քան ակնհայտ համարեց, որ տնտեսական շոկերը, անկայունությունները թե աշխարհում, թե Հայաստանում չեն թուլանում:  Նա այս առումով կարևորեց ԿԲ-ի դերը՝ այդ շոկերի պայմաններում կայունություն ապահովելու առումով:

Քանի որ հատկապես այսօրվա իրավիճակում ապագան ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, Նուրբեկյանի կարծիքով՝ հարցերին և խնդիրներին սցենարային մոտենալուն այլընտրանք չկա:

--00—ԶՀ