Ուկրաինական ուժերը «Շահիդ-136» ԱԹՍ-ներ են խոցել, ռուսական ուժերն օղակել են Բախմուտը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

6f167064-a187-4377-8031-28cd21b7f95f.jpg

Ռուսական ուժերն իրենց հիմնական ջանքերը կենտրոնացնում են Ուկրաինայի արևելքում հարձակողական գործողությունների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Գերատեսչությունը հավելել է, որ վերջին 24 ժամում ուկրաինական ուժերը հետ են մղել ռուսական ուժերի 81 հարձակում տարբեր բնակավայրերում:

Ըստ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ի մամուլի ծառայության՝ փետրվարի 26-ին ռուսական ուժերի 13 ավիահարձակումներից երկուսն իրականացվել է «Շահիդ-136» անօդաչու թռչող սարքերով: 2 ԱԹՍ-ներն էլ խոցվել են:

Գերատեսչությունը նաև հաղորդում է, որ այս գիշեր ռուսական ուժերն Ուկրաինայի տարածքում կիրառել են 14 «Շահիդ-136» ԱԹՍ, որոնցից 11-ը խոցվել են: Իսկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակվել է ավելի քան 50 հրթիռ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:

Խմելնիցկի քաղաքի իշխանություններն էլ հայտնել են, որ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել: 2 զոհերը փրկարարներ էին, որոնք վերացնում էին գիշերը քաղաքում իրականացված ԱԹՍ-ների հարվածների հետևանքները:

Ռուսական կողմից էլ հաղորդում են, որ ռուսական ուժերը փակել են Բախմուտում գտնվող բոլոր մատակարարման ուղիները: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական, ռազմաքաղաքական փորձագետ Յան Գագինի խոսքով՝ քաղաքի շուրջ օղակը սեղմվում է, և այն շուտով կընկնի:

ТАСС գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ԴԺՀ-ի վրա են արձակել 35 հրետանային արկ: ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Դոնեցկում գնդակոծության տակ է հայտնվել դպրոցի շենքը:

Դոնեցկից նաև հայտնել են, որ հակամարտության սրումից ի վեր ԴԺՀ-ում 4449 խաղաղ բնակիչ է զոհվել:

 --00—ԶՀ