Արցախում երկարաձգվել է միանվագ դրամաշնորհի և աջակցություն ստանալու դիմումների ներկայացման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

177965

Երկարաձգվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնողներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու նպատակով դիմումների ընդունման ժամկետը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ հարկ վճարողները դիմումները կարող են լրացնել կայքում մինչև սույն թվականի  մարտի 15-ը ներառյալ:

Ընդ որում, դրամաշնորհի հաշվարկի կատարման համար հիմք կընդունվի մինչև 2023 թվականի մարտի 5-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված՝ 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներում արտացոլված տվյալները, իսկ դրամական աջակցության հաշվարկի կատարման համար՝ մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ ներկայացված` իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունները:

Որոշման մեջ կատարված այլ փոփոխություններին հնարավոր է  ծանոթանալ կից հղմամբ:

--00—ՅՄ